
Արտակարգ իրավիճակների նախարարությանը 2019 թվականի պետբյուջեով տրամադրվող գումարներն ավելացել են

ԱԺ Ֆինանսաբյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստում 2019 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանն անդրադառնալով ԱԻՆ-ին տրամադրվող12, 6 մլրդ դրամին՝ նշեց, որ 2018 թ. համեմատ այդ գումարն ավելացել է 1 մլրդ 593 հազար դրամով։
Նրա խոսքով՝ բյուջեի ավելացումը հիմնականում պայմանավորված է նախարարության համակարգում գործող ՊՈԱԿ-ի մասով ավելացված արժեքի հարկի, ինչպես նաև ԱԻՆ-ի աշխատակազմի և փրկարար ծառայության ծրագրերում համապատասխանաբար պարգևատրման ֆոնդի գումարների ավելացմամբ։
«2019 թվականի բյուջեց ԱԻՆ-ին տրամադրվող գումարի 71 տոկոսը կազմել է աշխատավարձը, 13,6 տոկոսը՝ աշխատակազմի և փրկարար ծառայողների և աշխատակիցներ պարգևատրման, դրամական խրախուսումների և հատուկ վճարների ֆոնդն է, իսկ 41,9 տոկոսը կազմում է գերատեսչության հիմնարկների պահպանման և մնացյալ ծախսերը»,- նշեց Արա Նազարյանը։
Նրա խոսքով՝ գործադիր իշխանության, պետական կառավարման, հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում ծրագրերով 2019 թվականին պետական բյուջեից նախատեսվել է հատկացնել 919 մլն 151 հազար դրամ կամ 347 մլն 121 հազար դրամով պակաս, ինչը պայմանավորված է պետական հրդեհային և տեխանվտանգության տեսչության լուծարմամբ, որն այժմ գործում է ՀՀ կառավարության ներքո։
Անդրադառնալով ԱԻՆ-ի առաջնահերթություններին, Արա Նազարյանն ասաց, որ սեյսմիկ ծառայության տեսանկյունից տեխնիկայի արդիականացման խնդիրներ կան, այսինքն՝ անհրաժեշտ է ունենալ ժամանակակից թվային տեխնիկա, որը, Ա. Նազարյանի խոսքով՝ հնարավորություն կտա կանխորոշել հնարավոր երկրաշարժերը։
Խոսելով հակակարկտային կայանների մասին, Արա Նազարյանը նկատեց, որ ԱԻՆ-ի կողմից որդեգրած քաղաքականությունը շարունակվում է։
«Մենք որոշակի տեխնիկա ենք ուսումնասիրել, Արմավիրի և Արագածոտնի մարզերում իրականացրել էինք պիլոտային ծրագրեր, մենք գուցե գնանք առկա համակարգի կատարելագործման ուղղությամբ»,- եզրափակեց Ա. Նազարյանը։
Զվարթ Խաչատրյան