
Թուրքիան մինչև տարեվերջ պատրաստվում է 1.5 մլրդ դոլարի գորգ արտահանել

Մինչև 2018թ. վերջ Թուրքիան 1.5 մլրդ դոլարի մեքենայագործ գորգեր կարտահանի, որի մեկ երրորդը՝ ԱՄՆ: Այս մասին հայտնել է «Հարավարևելյան Անատոլիայի գորգ արտահանողների ասոցիացիայի» (GAHIB) ղեկավար Ահմեթ Քափլանը:
Աշխարհում արտադրվող մեքենայագործ գորգերի 30 %-ը բաժին է ընկնում Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփի (Այնթապ) շրջանի գորգագործներին: Այստեղ կենտրոնացած է Թուրքիայի գորգագործության սեկտորի 90%-ը:
Քափլանի փոխանցմամբ` Գազիանթեփը գորգագործության ոլորտում անընդհատ զարգանում է և մեծ օգուտներ է բերում Թուրքիային:
Նրա խոսքով` համաշխարհային գորգերի առևտրում Գազիանթեփի գորգերի մասնաբաժինը կազմում է շուրջ 50%:
Քափլանը հայտնել է, որ 2018թ. 9 ամսում արդեն 1.1 մլրդ դոլարի գորգ է արտահանվել:
«Ընթացիկ տարվա միայն առաջին 9 ամսում Թուրքիան ԱՄՆ է արտահանել 350 մլն դոլարի գորգ: Գորգերի արտահանման ծավալով երկրորդ ուղղությունը Սաուդյան Արաբիան է, որին հաջորդում է Իրաքը»,- ասել է գործարարը: