«Մեզ համար շատ էական է, որպեսզի շարունակվեն ավանդական, փոխշահավետ և բարիդրացիական հարաբերությունները հարևան Իրանի հետ». Կարեն Նազարյան
ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը խորհրդարանում անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին և այդ համատեքստում Հայաստանի դիրքորոշմանը, նկատեց, որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների թեման բավականին զգայուն է Հայաստանի համար, որը մշտապես լիակատար աջակցություն է ցուցաբերել համապարփակ և համատեղ գործողությունների ծրագրի իրականացմանը, որը կնքվել էր Իրանի և համապատասխան գործընկերների միջև։
«Մեզ համար շատ էական է, որպեսզի շարունակվեն ավանդական, փոխշահավետ և բարիդրացիական հարաբերությունները հարևան Իրանի հետ։ Այդ դեպքում Հայաստանը, ավելի կոնկրետ Արտաքին գործերի նախարարությունը, շարոնակում է իր առաքելությունը, այն է՝ գործընկեր պետությունների հետ իրականացնում է թափանցիկ և անկաշկանդ քննարկումներ՝ մի կողմից կարևորելով Հայաստան-Իրան փոխհարաբերությունները, մյուս կողմից՝ նշանակություն տալով և ավանդական և գործընկերային հարաբերություններին այլ գործընկեր պետությունների հետ»,- նշեց ԱԳ փոխնարարաը։
Անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցին, Կարեն Նազարյանը նշեց, որ այն առիթ էր Հայաստանի համար վեր հանելու տարածաշրջանի զարգացմանը միտված խնդիրները, նաև՝ լսելի դարձնել Հայաստանի մոտեցումներն այն մարտահրավերների առնչությամբ, որոնք այսօր գոյություն ունեն Հայաստանի հանդեպ։
Զվարթ Խաչատրյան