«Այժմ արտաքին քաղաքականություն վարում ենք այնպես, ինչպես մեր երկրի վիճակն է». Թևան Պողոսյան
Հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով. ԱԺ-ում նոյեմբերի 1-ին հայտարարել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը՝ նշեց.
«Դե յուրե հայ-իրանական սահմանը երբևէ չի փակվելու, Հայաստանը նման քայլի չի գնալու, բայց, եթե սանկցիաների դաշտն այնպես լինի, որ որևէ առևտուր տեղի չի ունենալու, ապա մենք խնդիր ենք ունենալու: Պետք է հասկանանք, որ հարևանների հետ միշտ ունենում են բարիդրացիական հարաբերություններ, որոնք պետք է զարգանան: Իսկ արտաքին քաղաքականությունը միայն մեր երկրով չի պայմանավորվում: Պետք է հասկանանք՝ այսօրվա դրությամբ ո՞ր ուղղություններով և ի՞նչ քաղաքականություն ենք վարելու, որպեսզի հայկական շահն առաջ տանենք: Հայ-ռուսական հարաբերությունների, ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի մասով դեռ խոսքեր են, գործողությունները չենք նկատում, ինչը հասկանալի է, քանի որ անցումային ժամանակահատված է»:
Նա հույս հայտեց, որ ընտրություններին ընդառաջ կլինեն բացատրություններ, թե ո՞ր ուղղությամբ ինչպիսի՞ զարգացումներ ենք սպասելու:
«Մենք տեսնում ենք, որ նոր դիվանագետներ են նշանակում, հուսով եմ, որ դա կունենա դրական ազդեցություն շատ ուղղությունների վրա: Այժմ արտաքին քաղաքականությունը վարում ենք այնպես, ինչպես մեր երկրի վիճակն է: Չմոռանանք, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Հուսանք՝ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո նաև այնտեղ կլինեն ճշգրտումներ, ու կտեսնենք սահուն, խաղաղ, Հայաստանի շահերն առաջ տանող քաղաքականություն»,- նշեց Թևան Պողոսյանը:
Անի Կարապետյան