Վրացական ԶԼՄ-ները նշել են նախագահական ընտրությունների 2-րդ փուլի անցկացման հավանական ամսաթիվը
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա դեկտեմբերի 2-ին: Այդ մասին հայտնել են վրացական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի աղբյուր:
«ԿԸՀ-ում քննարկվում է ընտրությունների երկրորդ փուլի անցկացման հենց այդ ամսաթիվը»,- նշում են ԶԼՄ-ները: Մինչդեռ Վրաստանի ԿԸՀ-ում «Ինտերֆաքս»-ին չեն հաստատել եւ չեն հերքել այդ տեղեկատվությունը:
«Ներկայում ԿԸՀ-ում եւ դատարաններում քննարկվում են այն բողոքները, որոնք գրանցվել են նախագահական ընտրությունների առաջին փուլի ընթացքում: Այդ գործընթացը պետք է ավարտվի մինչեւ նոյեմբերի 17-ը, ինչից հետո ԿԸՀ-ում կհայտարարվի ընտրությունների երկրորդ փուլի անցկացման ամսաթիվը»,-հայտնել է Վրաստանի ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն:
Նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է հոկտեմբերի 28-ին: Նախագահի 25 թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հաղթահարել 50-տոկոսանոց արգելքը: Ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցեն երկու թեկնածուներ՝ Սալոմե Զուրաբիշվիլին, որին պաշտպանում է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը եւ որը հավաքել էր ընտրողների ձայների 38,6 տոկոսը, եւ իշխող նախկին կուսակցությունից՝ «Միասնական ազգային շարժումից»-ից, թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, որն ստացել է ընտրողների ձայների 37,7 տոկոսը: