
Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բնակիչների 90 տոկոսից ավելին աղտոտված օդ է շնչում. ՄԱԿ

Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների բնակիչների ավելի քան 90 տոկոսը՝ այսինքն՝ գրեթե 4 մլրդ մարդ, հարկադրված է աղտոտված օդ շնչել: Այս տվյալները ներկայացնում է Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագրի (ՅՈւՆԵՊ) Ժնեում հրապարակված զեկույցը, որը միջոցառումների համալիր է մշակել մթնոլորտ վնասակար արտանետումների խնդրի լուծման համար։
Ասիայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ստեղծված իրադրությունը փորձագետները գնահատում են որպես ճգնաժամային: «Շուրջ 4 մլրդ մարդ, այս տարածաշրջանների բնակչության մոտավորապես 92 տոկոսը, ենթարկվում է օդի աղտոտման ներգործությանը, որը վտանգ է ներկայացնում նրանց առողջության համար»,-ասված է զեկույցում:
Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ օդի աղտոտման հետ կապված հիվանդություններից աշխարհում տարեկան մահանում է շուրջ 7 մլն մարդ, այդ թվում՝ 4 միլիոնը՝ Ասիայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: