
Իրականում ո՞վ է ֆինանսավորում «Քաղաքացիական պայմանագրին»

«Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանին հետաքրքրում է, թե իրականում ո՞վ է ֆինանսավորում «Քաղաքացիական պայմանագրին»:
«Երևանում եղան ավագանու ընտրություններ, ո՞վ էր ֆինանսավորել: Ընտրությունները Հայաստանում որոշակի ինքնարժեք ունեն: Հարկավոր է ունենալ շտաբներ, մեքենաներ, գովազդ: Ժողովրդավարության կայացման համար կարևոր է, թե ինչպիսի՞ն են քաղաքական գործընթացի ֆինանսավորման կանոնները: Մեր երկրում այդ հարցը տարիներ շարունակ եղել է փակ, ու քրեական օլիգարխիան հենց այդ մթնոլորտում է ձևավորվել: Մարդիկ հենց այնպես մանդատ չեն ստացել: Նրանք ֆինանսավորել են այդ ամենը, հետո մտել խորհրդարան ու տեղը հանել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Քաղաքագետ Արա Պապյանն էլ նշեց, որ ամեն կուսակցություն իր կայքէջում պետք է հաշվետվություն ներկայացնի՝ ինչքա՞ն գումար է ստանում
«Կանադայում հաշվետվության մեջ 170 դոլարի թղթի բացակայության պատճառով կուսակցության գլխին ԿԸՀ-ն պատմություն սարքեց, մինչև ապացուցեցին, որ թյուրիմացություն է: Փողի հարցը շատ կարևոր է: Իմ կյանքից օրինակ բերեմ: Ընկեր ունեի, ով ֆինանսավորում էր մեր կենտրոնի գործունեությունը: Հիմա չի ֆինանսավորում, քանի որ չէի ուզում ասել այն, ինչ ինքն էր ուզում: Այդպես է աշխարհը: Ով փող է տալիս, ցանկանում է պատվիրել իր երգը»:
Անի Կարապետյան