Պետությունն անվտանգության աշխատակիցներ է տրամադրել Սիլվա Համբարձումյանին
Գործարար Սիլվա Համբարձումյանի խոսքով՝ Սամվել Մայրապետյանի գործով իրեն կանչել են հարցաքննության այն պատճառով, որ 2008 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 31-ը 14 մլն դոլար և 800 մլն դրամ է կանխիկացրել։
«Ինձ կանչել են հարցաքննության և հարցրել, թե այդքան գումար ինչո՞ւ եմ կանխիկացրել, ասել եմ, որ 6 մլն դոլարն Արամ Հարությունյանի համար եմ արել։ Հարցրել են, թե ինչու եմ Մայրապետյան Սամվելին փոխանցել 2 մլն դոլար, ես ժամը 12։00-ից մինչև 18։00-ն մտածել եմ՝ հայտարարություն տա՞մ, թե՞ ոչ։ Եթե հայտարարություն չտայի, այժմ ես էլ ուրիշ տեղում կլինեի, այդ պատճառով էլ մտածեցի՝ ինչո՞ւ ամեն ինչ չասեմ, եթե իրականություն է դա»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ս. Համբարձումյանը և ընդգծեց, որ 2008 թվականին արաբների հետ խոշոր գործարք է արել, և որպեսզի իրեն չխանգարեն, գումար է տվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին։
Նրա բնորոշմամբ, Հայաստանում խոշոր գործարք անելն այդքան էլ հեշտ չի եղել, և ցանկացած խոշոր գործարքի մասին տեղյակ են եղել նախագահն ու վարչապետը։
«Իսկ Մայրապետյան Սամվելի հետ ո՛չ տալիք ունեմ, ո՛չ առնելիք, նա այս գործում միջնորդ է եղել։ Մենք առերեսվել ենք, ասել ենք՝ ճանաչում ենք իրար և նորմալ հարաբերությունների մեջ ենք։ Բայց նա հարցաքննության ընթացքում ոչինչ չասաց, չասաց, թե ինչու եմ այդ գումարն իրեն փոխանցել, միայն ասաց, որ նման բան եղել է, բայց չի հիշում, թե ինչի համար եմ փոխանցել։ Դե հիմա հիշի՝ կասի, չհիշի՝ չի ասի։ «Թի-էս-սէ-սի Արմենիա» ՍՊԸ-ում ես ունեի 100 տոկոս բաժնեմաս, որը 40 մլն դոլարով վաճառել էի արաբներին։ Շատ էր շրջանառվում, թե Սիլվան արաբի է «քցել», նման բան չկա, ես արաբների հետ շատ լավ եմ, բոլոր շեյխերի հետ համագործակցում եմ և երկար տարիներ աշխատում եմ Դուբայում։ Շաքարավազ էինք ներկրում ամբողջ արաբական աշխարհի համար, միասին ունենք քարածուխի հանք»,- ընդգծեց Սիլվա Համբարձումյանը։
Անդրադառնալով իր և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ տեղի ունեցած միջադեպին, Սիլվա Համբարձումյանը տեղեկացրեց, որ փորձում են վերականգնել նախկինում կարճված այս գործը, այդ ուղղությամբ արդեն սկսել են աշխատել փաստաբանները։
Ինչ վերաբերում է այլ գործերի բացահայտմանը, Սիլվա Համբարձումյանը նշեց, որ բացահայտում կլինի իրեն պատկանող հանքի հետ կապված, որը դատական գործընթացում դրվել է աճուրդի և վաճառվել։ Ըստ նրա, այս գործի հետ կապված կլինեն հանրությանը հայտնի անուններ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունները։
Սիլվա Համբարձումյանը նաև տեղեկացրեց, որ իր անվտանգությունն ապահովելու համար պետությունն իրեն տրամադրել է անվտանգության աշխատակիցներ։
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին, և մինչև այս պահը Հատուկ քննչական ծառայությունը չի հայտնում, թե ինչ կասկածանքով է ձերբակալվել խոշոր գործարարը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան