Գաբրիել Ղազարյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ: Նախարարի պաշտոնակատարի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ցավով տեղեկացա, որ ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է լեգենդար ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանը:
Կյանքից հեռացել է մի մարզիկ, որը ստիպել է ոտքի կանգնել հազարավոր երկրպագուների, ում ցանկացել են նմանվել և ընդօրինակել բազմաթիվ երիտասարդ մարզիկներ, ում մարզական ձեռքբերումներով հպարտացել է հայ ժողովուրդը:
Յուրի Վարդանյանը 43 համաշխարհային ռեկորդների հեղինակ է, աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգակի և Խորհրդային Միության քառակի չեմպիոն: Նա իր մարզական կյանքում նվաճել է ավելի քան 100 ոսկե մեդալ և այն մարզիկն է, որը դեռ երկար տարիներ օրինակ է ծառայելու շատ ու շատ ծանրորդների համար:
Մեծ և անդառնալի է հայկական սպորտի կորուստը: Ես ցավակցում եմ Յուրի Վարդանյանի ընտանիքին, հարազատներին և բարեկամներին, մաղթում եմ նրանց հոգու արիություն և համբերություն»: