
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտայեվի հետ

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն Աստանայում՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտայեվի հետ:
Պարոն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և արդյունավետ հանդիպման համար: Նա կարևորել է Ղազախստանի հետ համագործակցության շարունակական զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Երկուստեք գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերություններում առկա են աճի միտումներ և տնտեսական փոխգործակցության հետագա զարգացման մեծ ներուժ:
Զրուցակիցները քննարկել են տնտեսական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև նախանշել համագործակցությունը հարստացնելու նոր գործնական ուղղություններ: Քննարկվել են ներդրումային համատեղ ծրագրեր իրականացնելու, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության հետ կապված հարցեր:
Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև ԼՂՀ կարգավորման խնդրին։ Նա մասնավորապես անընդունելի է համարել հարցի ընդգրկումը զանազան կազմակերպությունների օրակարգում, ինչպիսիք են օրինակ Իսլամական համագործակցության կազմակերպությունը եւ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը, և ընդգծել է, որ հարցի կագավորման միակ ընդունված հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափն է։
Հանդիպման ընթացքում առանձնակի անդրադարձել են հայ – ղազախական հարաբերություններում ղազախահայ համայնքի դերակատարմանը: