«Ակցիզային հարկը պետք է ավելի արագ տեմպով ավելանա, քան այսօրվա օրենսգրքով է սահմանված». Ատոմ Ջանջուղազյան
«Կա ընկալում, որ ԱԱՀ-ի դրույքաչափը համարժեք է մեր տնտեսության կարիքին, այսինքն՝ ավելացումն իր մեջ կպարունակի ռիսկեր։ Հետևաբար, քննարկվում է ակցիզային հարկի հնարավոր ավելացումը։ Այսօրվա ունեցած օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է ակցիզային հարկի ավելացում, խոսքը տվյալ դեպքում վերաբերում է մի փոքր ավելի արագ տեմպով ավելացմանը, քան այսօրվա օրենսգրքով է սահմանված»,- այսօր ԱԺ տնտեսական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստի ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։
Նա նշեց, որ հաշվի առնելով տեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացը պետք է վերանայվեն նաև խաղային ոլորտին վերաբերող կարգավորումները. «Այսօր խաղային ոլորտում արդյունքից կախված չէ հարկումը, հետևաբար` այստեղ դժվարանում ենք նույնիսկ վստահ պնդել, որ գրանցված արդյունքները, որոնք վիճակագրությունը հրապարակում է, հենց այս ոլորտում ձևավորված արդյունքներն են, ինքը շատ հարմար տեղ է այլ ոլորտներից այստեղ շրջանառություններ հոսելու իմաստով, որովհետև ըստ էության չի հարկվում և որևէ հետևանք չի ունենում։Իհարկե, դա պահանջում է որոշակի ներդրումներ և ժամանակ, բայց արդյունքում կունենք արդարացի համակարգ»։
Նախարարի պաշտոնակատրի խոսքով՝ պետք է հարկ վճարողի ընկալումն ու վերաբերմունքը փոխել, ըստ նրա՝ հարկ վճարողի կողմից պետությունը պետք է ընկալվի՝ որպես տվյալ տնտեսության բաժնետեր.
«Տվյալ տնտեսությունը հնարավոր է լինում կազմակերպել նաև պետության գործադրված ջանքերի շնորհիվ։ Այսինքն՝ նույն հասարակական կարգի պահպանություն, անվտանգություն, ներառյալ՝ կենսաթոշակային ծախսեր, առողջապահություն, այս բոլորը այն միջավայրն են ձևավորում, որտեղ հարկատուն իրականացնում է իր գործունեությունը»։