Բաժիններ՝

Եկատերինբուրգի մերձակայքում սկսվել է ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունների ակտիվ փուլը

Եկատերինբուրգի մերձակա «Սվերդլովսկի» զինափորձարանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2018» համատեղ զորավարժությունների ակտիվ փուլը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

Զորավարժությունների մտահղացմամբ՝ ՀԱՊԿ-ի երկրների ազգային զորակազմերը խաղաղապահ գործողություն են իրականացնում պայմանական պետության տարածքում, որը չի մտնում ՀԱՊԿ-ի կազմի մեջ: Ինչպես հայտնել են ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, խաղաղապահ գործողությանը հետեւում են Սերբիայի եւ ՄԱԿ-ի պատվիրակությունները:

«ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ի խաղաղության պահպանման դեպարտամենտի հետ փոխգործակցում է ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի օգտագործման հարցում: Համապատասխան «ճանապարհային քարտեզ» է մշակված այդ ուղղության իրագործման հնարավորության վերաբերյալ»,- ճշտել են մամուլի ծառայությունում: «Անխախտ եղբայրություն-2018» զորավարժություններում, որոնք Սվերդլովսկի մարզում անցկացվում են հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 2-ը, գործի են դրված ՀԱՊԿ-ի անդամ վեց պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զորակազմերը:

Զորավարժությունների մասնակիցների ընդհանուր թիվը մոտավորապես 1,3 հազար է, գործի են դրված 300 միավոր ռազմական տեխնիկա եւ 20 միավոր անօդաչու թռչող սարքեր: «Անխախտ եղբայրություն» խաղաղապահ զորավարժություններն անցկացվում են յոթերորդ անգամ, Ռուսաստանի տարածքում՝ երկրորդ անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս