Թրամփը Հիզեր Նոյերթին առաջարկել է դառնալ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը. Fox News
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթին առաջարկել է դառնալ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան մի աղբյուր:
Հեռուստաալիքը նշում է, որ առայժմ հայտնի չէ, Նոյերթն ընդունել է արդյոք նախագահի առաջարկը: Fox News-ի տվյալներով՝ Նոյերթը հոկտեմբերի 29-ին Թրամփի հետ հանդիպում է ունեցել Սպիտակ տանը: Նոյերթից բացի, մշտական ներկայացուցչի պաշտոնի հնարավոր թեկնածուներ են նշվել նաեւ ամերիկացի այլ պաշտոնատարներ, մասնավորապես, Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմի Մաքքորթը: CNN հեռուստաալիքն, իր հերթին, չի հայտնել, որ Թրամփը նոր աշխատանք է առաջարկել Նոյերթին, բայց ընդսմին արձանագրում է, որ նա Թրամփի առավել հավանական ընտրությունն է դարձել մշտական ներկայացուցչի պաշտոնում:
Սպիտակ տանը իրադրությունը չեն մեկնաբանել: Նիկի Հեյլին, որը ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնում է 2017 թվականի հունվարից, հոկտեմբերի 9-ին հայտարարել է իր պաշտոնաթողության մասին: Նա պաշտոնը կթողնի եկող տարվա հունվարին: Հեյլին այդ պաշտոնում հաստատվել էր այն բանից ընդամենը չորս օր անց, երբ Թրամփը 2017 թվականի հունվարի 20-ին ստանձնեց նախագահի պաշտոնը: Հեյլին ինքը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ պաշտոնաթող է լինում ոչ անձնական պատճառներով: Իր հետագա պլանների վերաբերյալ նա չի հայտնել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: