«Կոչ եմ անում կառավարություններին ու միջազգային հանրակցությանը պաշտպանել լրագրողներին և պայմաններ ստեղծել նրանց աշխատանքի համար». Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել համաշխարհային հանրակցությանը պաշտպանել լրագրողներին, որոնք իրենց կյանքն են վտանգում հանուն ճշմարտության:
Այդ մասին ասված է գլխավոր քարտուղարի ուղերձում, որը հրապարակվել է նոյեմբրի 2-ին նշվող Լրագրողների դեմ հանցագործությունների համար անպատժելիության դադարեցման միջազգային օրվա կապակցությամբ: «Կոչ եմ անում կառավարություններին ու միջազգային հանրակցությանը պաշտպանել լրագրողներին եւ պայմաններ ստեղծել նրանց աշխատանքի համար»,- ասել է Գուտերեշը:
«Այսօր ես պատշաճն եմ մատուցում այն լրագրողներին, որոնք ամեն օր կատարում են իրենց աշխատանքը, չնայած ահաբեկումներին ու սպառնալիքներին,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:- Նրանց աշխատանքը եւ նրանց զոհված գործընկերների աշխատանքը մեզ հիշեցնում է, որ ճշմարտությունը երբեք չի մեռնի»:
Ինչպես հոկտեմբերի 31-ին Ժնեւում հայտարարել է Press Emblem Campaign ոչ կառավարական կազմակերպությունը, 2018 թվականի սկզբից ի վեր հարյուրից ավելի լրագրողներ ու ԶԼՄ-ների աշխատողներ են զոհվել աշխարհի 36 երկրներում: Կազմակերպությունը կոչ է արել համաշխարհային հանրակցությանը՝ անկախ հետաքննություն անցկացնել եւ պատասխանատվության ենթարկել այդ հանցագործությունների մեղավորներին:
«Ընթացիկ տարվա 10 ամսվա ընթացքում սպանված լրագրողների թիվն արդեն գերազանցել է անցած տարվա տվյալները: Հունվարից ի վեր 106 լրագրողներ ու ԶԼՄ-ների աշխատողներ են սպանվել 36 երկրներում»,- նշել Է PEC-ը, հիշեցնելով, որ ամբողջ 2017 թվականին 99 նման սպանություն էր գրանցվել: Այս տարի զոհերի թվով առաջին երեք տեղերն զբաղեցնում են Աֆղանստանը (17), Մեքսիկան (15) եւ Եմենը (8): Ինչպես հայտարարել է PEC-ի գլխավոր քարտուղար Բլեզ Լամպանը, «անպատժելիության դեմ պայքարը մարդու իրավունքների համար պայքարի կենտրոնում է», հաղորդել է ՏԱՍՍ-ը: