«Մեկ վկայի ցուցմունքով տված գործերը պետք է վերանայվեն». Նաիրա Զոհրաբյան
Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամաբ քննարկվում է համաներման մասին օրինախագծը։
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ուշադրությունը սևեռել իրավական դաշտի մի քանի բացերի վրա։
Անդրադառնալով ցմահ ազատազրկվածներին՝ Ն. Զոհրաբյանը նշեց, որ 93-ից 14-ը զոհ են ներբանակային անառողջ հարաբերությունների, ինչի մասին լավ գիտի նախարարը և այդ գործերը պետք է անպայման վերանայվեն։
«Մեկ վկայի ցուցմունքով տված գործերը պետք է վերանայվեն։ Հասկանում եմ, որ շատ դեպքերում մենք կաշկանդված ենք նաև միջազգային իրավունքով, սակայն չեմ հավատում մեր քրեակատարողական հիմնարկների դաստիարակչական ներուժին։ Չկա և չի կարող լինել նման բան, երբեք մի վախեցեք առավել շատ կիրառել վաղաժամկետ ազատումը կամ ներումը։ Այդ մարդասիրական գործիքներն առավելագույնս պետք է կիրառվեն այսօր, քանի որ ունենք լրջագույն խնդիր այդ մարդկանց՝ դատապարտյալներին և կալանավորներին այնուհետև ինտեգրելու հասարակությանը»,- նշեց Ն. Զոհրաբյանը։
Ըստ նրա, դատապարտյալները հասարակության մեջ դուրս են գալիս չարացած ու գազազած և հետագայում պարզապես հնարավոր չի լինում նրանց ինտեգրել հանրությանը, քանի որ գործիքները՝ վաղաժամկետ ազատ արձակման և ներման չեն կիրառվում։
Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ սրանք այն հիմնական խնդիրներն են, որոնց վերաբերյալ առաջիկայում հանդես կգա համապարփակ զեկույցով և առաջարկությամբ, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի և որոշ խնդիրների վերաբերյալ։
Զվարթ Խաչատրյան