Բաժիններ՝

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց համաներում հայտարարելու մասին նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար:

Օրենքի նախագծի երկրորդ ընթերցումն ու քվեարկությունը կանցկացվեն նոյեմբերի 1-ին:
«Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված է համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել` առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց, համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված

1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին

2) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց

3) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց

4) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց.

5) 60 տարին լրացած անձանց:

Օրենքը կտարածվի հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձանց վրա, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն: Համաներում կլինի նաև այն անձանց նկատմամբ, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն: Նախգծով համաներում է նախատեսված նաև մի շարք այլ դեպքերի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս