
Սեւանի տարածաշրջանի համայնքների ղեկավարները Գեղարքունիքի մարզպետին ներկայացրել են լուծում պահանջող խնդիրները

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Սեւան քաղաք, որտեղ հանդիպեց Սեւան, Լճաշեն, Ծովագյուղ, Զովաբեր, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր, Դդմաշեն, Նորաշեն, Չկալովկա համայնքների ղեկավարների հետ:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, համայնքների ղեկավարները հակիրճ ներկայացրել են իրենց համայնքներում կատարված աշխատանքները եւ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Մարզպետը հանդիպման ժամանակ կարեւորել է տեղական բյուջեների սեփական եկամուտների ամբողջական հավաքագրումը:
«Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը հարկավոր է բարձրացնել հնարավորինս սեղմ ժամկետում՝ մոտավորապես մեկ ամսվա ընթացքում, քանի որ առջեւում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն են, որին հաջորդում է տարվա ավարտը: Եկամուտների արդյունավետ հավաքագրման համար հարկավոր է ցուցաբերել ամենայն պատասխանատվություն եւ լինել շատ հետևողական:
Սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշը հնարավորություն կտա համայնքներում իրականացնել մեծածավալ բարեփոխումներ, սուբվենցիոն տարաբնույթ ծրագրեր, որոնց պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությունը»,- շեշտել է մարզպետ Գնել Սանոսյանը: Այնուհետ համայնքների ղեկավարները մարզպետի հետ քննարկել են սեփականաշնորհված հողերի չմշակման պատճառով վարձավճարների թերի գանձումները, հողատարածքների կոլեկտիվ մշակման, աղբահանության խնդիրները եւ համայնքային նշանակության տարբեր թեմաներ:
Սեւանի քաղաքապետարանում Գեղարքունիքի մարզպետը կատարել է քաղաքացիների ընդունելություն, ապա այցելել ֆուտբոլի նորակառույց մարզադաշտ, որի բացումը կկատարվի նոյեմբերի ընթացքում: Այցի ավարտին Գնել Սանոսյանը ծանոթացել է Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական նշանակության ճանապարհի 64-67-րդ կիլոմետրի հատվածում օրերս մեկնարկած եւ ընթացքի մեջ գտնվող ասֆալտապատման աշխատանքներին:
Խոսրով Խլղաթյան