
Մարդատար Boeing 737-ը կործանվել է Ջակարտայից թռիչքից հետո

Հոկտեմբերի 29-ին աղետի է ենթարկվել Lion Air ինդոնեզական ավիաընկերության ինքնաթիռը, որը Ջակարտայից մեկնել Էր Պանկալպինանգ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ինդոնեզիայի փրկարարական ծառայություններին:
Flightradar24 մոնիթորինգային ծառայության տեղեկատվության համաձայն՝ Ջակարտայից Պանկալպինանգ չվերթն իրականացնում էր Boeing 737 MAX 8 ինքնաթիռը: Ըստ վերջին տվյալների՝ օդանավում եղել է 188 մարդ, այդ թվում՝ անձնակազմի յոթ անդամները:
Ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացել էր թռիչքից 13 րոպե անց: Lion Air-ի ղեկավար Էդվարդ Սիրաիթը հրաժարվել է մեկնաբանել իրադրությունը: «Ներկայում մենք չենք կարող մեկնաբանություններ տալ: Մենք փորձում ենք հավաքել ամբողջ տեղեկատվությունն ու տվյալները»,- հայտարարել է նա:
Dekik պորտալը, վկայակոչելով Որոնման ու փրկման ազգային գործակալության ղեկավար Մոհամադ Սայուգիի հայտարարությունը, հայտնել է, որ Ինդոնեզիայի իշխանությունները երեք նավ ու ուղղաթիռ են ուղարկել ինքնաթիռի աղետի գոտի: Գործակալության ներկայացուցիչը հայտնել է, որ փրկարարները գտել են մարդատար ինքնաթիռի կործանման վայրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: