Սթիվեն Քինգն իր պատմվածքի էկրանավորման իրավունքը ուելսցի ուսանողներին վաճառել է 1 դոլարով. The Guardian
Ուելսցի ուսանողները «Հեծանվային մարզասարք» անվանումը կրող Սթիվեն Քինգի պատմվածքի էկրանավորման իրավունքն ստացել են խորհրդանշական գնով՝ ընդամենը 1 դոլարով: Այդ մասին հայտնել է The Guardian թերթը:
Նրա տվյալներով՝ 16-ամյա Ալֆի Էվանսը եւ 14-ամյա Քերիս Քլիֆը այդ կապակցությամբ կապվել են գրողի հետ եւ շուտով դրական պատասխան ստացել:
«Դա շատ հիանալի էր, – հայտարարել է Քեւին Ֆիլիփսը՝ տեղի կինոընկերության ռեժիսորը, որը տղաներին օգնելու է նկարահանումների հարցում:-Պարտավորագիրն ստորագրվեց մի քանի օր անց, եւ մենք դոլարի թղթադրամն ուղարկեցինք ԱՄՆ»:
Գործարքով վերապահում էր արված, որ ուսանողները չեն կարողանա ստանալ Քինգի պատմվածքի էկրանավորման ցուցադրություններից ստացված շահույթը, բայց պարտավոր կլինեն նրան ուղարկել ֆիլմի կրկնօրինակը: Այժմ Էվանսը եւ Քլիֆը աշխատում են ապագա կինոնկարի սցենարի վրա:
Նրանք հույս ունեն ժապավենով դուրս գալ կինոփառատոներ: Էկրանավորման իրավունքի հանձնումը կատարվել է «Dollar Babies» նախագծի շրջանակներում, որն ստեղծվել էՍթիվեն Քինգի կողմից, որպեսզի ուսանողներին հնարավորություն տրվի ֆիլմ նկարահանել իր պատմվածքներից մեկի հիման վրա:
Սթիվեն Քինգն ավելի քան 50 վեպերի հեղինակ է, որոնք վաճառվել են գրեթե 350 մլն օրինակով: Նրա առաջին գիրքը՝ «Քերին», հրապարակվել է 1970-ական թվականների կեսերին, այնուհետեւ լույս է տեսել «Լուսապսակ» վեպը, որը նրան համաշխարհային ճանաչում բերեց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: