
«Եղբորս հոգու հանգստության համար շատ ավելի կարևոր է այս երկրի կայացումը, իրական հզորացումը, ղարաբաղյան հիմնահարցի լուծումը, քան Հոկտեմբերի 27-ի բացահայտումը». Արամ Սարգսյան

«Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր նշանակություն ունեն ՀՀ-ի համար»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, որ պետությունը պետք է կայանա և ուժեղանա։
«Ուժեղ պետությունն է, որ կարող է դիմակայել Արցախի հիմնահարցի լուծման առումով հայանպաստ լուծում բերելուն, ինչն օր օրի ավելի բարդ է դառնում, երկրի տնտեսության վիճակը ոտքի կանգնեցնելու առումով, արտագաղթը կանգնեցնելու առումով։ Այս առումներով է, որ ապագա խորհրդարանական ընտրությունները պետք է ազդեցություն ունենան»,- ասաց նա։
Սարգսյանի խոսքով՝ միայն ուժեղ պետությունը կարող է փորձել բացահայտել Հոկտեմբերի 27-ը, գտնել իրական մեղավորներ. «Եղբորս հոգու հանգստության համար շատ ավելի կարևոր է այս երկրի կայացումը, իրական հզորացումը, ղարաբաղյան հիմնահարցի լուծումը, քան Հոկտեմբերի 27-ի բացահայտումը կամ չբացահայտումը։ Այդ բացահայտումը պետք է մեզ՝ մեր ապագայում նման իրավիճակներից խուսափելու համար»։