ՀՀԿ-ն միջազգային կառույցներին ճնշումների մասին փաստական նյութեր կներկայացնի

168.am-ի տեղեկություններով՝ պետական ողջ ապարատը, այդ թվում` իրավապահ մարմինները, շարունակում են աննախադեպ ճնշումներ գործադրել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների վրա` «չարաբաստիկ» Ընտրական օրենսգրքի (ԸՕ) քվեարկությունն ապահովելու համար:

Ընդ որում, բացի ԸՕ բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու նպատակով արտահերթ նիստ հրավիրելու համար «ղազագիր» ստորագրած ՀՀԿ-ական պատգամավորներից, որոնց նկատմամբ գործադրվել են ուժային-քաղաքական մեթոդներ, այժմ շարունակվում են ֆրակցիայի մյուս անդամների նկատմամբ ճնշումները:

Ըստ նույն աղբյուրների՝ իշխանությունները զանգահարում են՝ ով ում կարող է, ամենատարածված եղանակն ԱԱԾ կանչելն է, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով, կամ  «գործակալներին» մարզեր ուղարկելը, սպառնալիքներ գործադրելը, ենթակառուցվածքներից զրկելը, և այլն: Այս առումով երկուշաբթի օրվա ԱԺ քվեարկությունը հատկապես ուշագրավ է, քանզի ակնհայտ կդարձնի ճնշման և սպառնալիքի ենթարկվածների ցանկը. բացի հայտնի հայտարարությանը միացածներից՝ ովքե՞ր են համակարգի «թավշյա» մեթոդների նոր «զոհերը»:

Ըստ մեր աղբյուրների, ՀՀԿ ձեռքի տակ են հայտնվել որոշ նյութեր, որոնք վերջիններս կներկայացնեն միջազգային կառույցներին և մամուլին, որոնք ակնհայտ կդարձնեն,  որ ոչ միայն կոնսենսուս չկա, այլև «զոռով» անցկացրած «Ընտրական օրենսգիրքը» հետևանք է քրեա-տնտեսա-քաղաքական ճնշումների:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ օրերս ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը Բրյուսելում խոսեց գործող իշխանությունների կողմից կիրառվող ճնշումների մասին։ Ու թեև այդ մասին երկու ամիս շարունակ ՀՀԿ-ական տարբեր գործիչներ բազմաթիվ ահազանգեր են հնչեցրել, այնուամենայնիվ իշխանությունները շարունակում են իրենց գործելաոճը։

Տեսանյութեր

Լրահոս