Տարբեր տարիներին ՊՆ-ի համար նախատեսված մատակարարումները չկատարած ընկերություններից մեկը պետբյուջե է վերադարձրել ավելի քան 339 միլիոն դրամ. ԱԱԾ
ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանի կողմից հայտնած տվյալների և տրամադրված փաստաթղթային հիմքերի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2018 թվականի օգոստոսի 6-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացում)։
Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայության մամուլի բաժնից: Քրեական գործով պարզված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող շուրջ 10 առևտրային ընկերություններ 2009-2017 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով հանձն են առել բանակի կարիքների համար մատակարարել ավելի քան տաս միլիարդ ՀՀ դրամ արժեքով տարատեսակ ապրանքներ և սպառազինություն, սակայն պայմանագրային ժամկետներն էականորեն խախտելով, առանց հիմնավոր պատճառների, մատակարարումներն առ այսօր չեն իրականացրել կամ մատակարարել են պայմանագրերում նախատեսվածից իրականում ցածր արժեք ունեցող, անորակ ապրանքներ։
Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում վերոհիշյալ ընկերություններից մեկի` առանց հիմնավոր պատճառների պայմանագրերով նախատեսված ժամկետներում մատակարարումներ չիրականացրած «Հայնեթ» ՍՊԸ-ի պատճառած 1.135.738.053 ՀՀ դրամի չափով վնասից 2018 թվականի հոկտեմբերի 19-ին որպես մասնակի հատուցում ՀՀ պետբյուջե է վերականգնվել 339.672.998 ՀՀ դրամ, իսկ մնացորդի մասով կատարվում է հատուկ կապի միջոցների մատակարարում:
Նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ համագործակցությունը կրում է ակտիվ և շարունակական բնույթ: