Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Այն, որ հանրապետականները կամ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչներ քննադատել կամ քննադատում են Նիկոլ Փաշինյանին՝ նրան մեղադրելով տարբեր մանիպուլյացիաների մեջ, թերևս, տեղավորվում է տրամաբանության մեջ, սակայն այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն է քննադատում ինքն իրեն՝ մեղադրելով կեղծիքի ու մանիպուլյացիայի մեջ, թերևս, տեղավորվում է միայն հեղափոխական «Դմփ-դմփ հու»-ի տրամաբանության մեջ: Չնայած, ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ թե մեղադրում է ինքն իրեն, այլ ոմն ժամանակավոր պաշտոնակատար քննադատում է ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Այսպես, 2 օր առաջ Ազգային ժողովում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը (այսուհետ՝ Ժ/Պ-ն) ելույթ ունեցավ որպես վարչապետի թեկնածու՝ պատգամավորներին կոչ անելով չընտրել իրեն: Սակայն իրական զավեշտը ոչ թե այս հայտարարությունն էր, այլ դրան հաջորդած կես ժամանոց ելույթը, որը ոչ այլ ինչ էր, քան հերթական հրապարակախոսական ճառը: Վարչապետի թեկնածուն այս անգամ էլ փորձեց իրեն հատուկ լրագրողական մանիպուլյացիաներով շրջանցել երկրի համար կարևորագույն նշանակության հարցերը՝ խոսելով առավելապես սկանդալային, և, իր բնորոշմամբ՝ նախադեպը չունեցող երևույթների մասին: Սակայն, ի հեճուկս Ժ/Պ-ի, ճառն ընդհատվեց պատգամավորների հարցերով՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը «գյոզալական ճառը» կտրեց երկրի տնտեսական աճի մասին տխուր թվերով:

Անդրադառնալով տնտեսական աճի վերաբերյալ պատգամավոր Իվետա Տոնոյանի հարցին՝ վարչապետի Ժ/Պ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշների մասին նախկինում եղած պնդումները կեղծ են եղել: Հունիսին տնտեսական աճի աննախադեպ ցուցանիշ էր գրանցվել, սակայն պարզվել է, որ եղել է ֆուտբոլի աշխարհի առաջնություն, բուքմեյքերական ընկերություններում գումար դնելու հաշվին ենք տնտեսական աճ արձանագրել , իսկ նման ճանապարհով տնտեսական աճ մենք չենք ուզում:

Իյաաա, իրո՞ք… ակամայից ցանկանում էս մեջբերել Սերժ Սարգսյանի հայտնի դարձած բառակապակցությունը: Պարոն Ժ/Պ, նոր հասկացա՞ք: Բա որ հունիսին Հանրապետության հրապարակում հանրահավաքում ձայնալարերը կտրելու աստիճան բարձր, կանգնած գոռում էիք՝ «ժողովո՛ւրդ, մեր հեղափոխությունը բացառիկ է նաև այն պատճառով, որ չհետևեց տնտեսական անկում, ընդհակառակը, հունիս ամիսը հետհեղափոխական առաջին ամիսն է. գրանցվել է 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, և կան բոլոր հիմքերը պնդելու, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճ ապրել», ի՞նչ է, այդ ժամանակ չէի՞ք հասկանում՝ ինչ էիք գոռում:

Ինչևէ, ձեզ 3 ամիս ժամանակ է պետք, որ հասկանաք, թե տնտեսական ակտիվության ցուցանիշը ինչի՞ հաշվին է աճել: Էլ չասենք, թե դուք և ձեր թիմակիցներն ինչպիսի՞ լուտանքներ էիք թափում այն տնտեսագետների երեսին, ովքեր հանդգնում էին ասել, որ այդ տնտեսական աճն ընդամենը խաղադրույքների արդյունք է: Ի՞նչ պատահեց, որ միանգամից հասկացաք: «Դմփ-դմփ հու»-ն այլևս չի օգնում ժողովրդին մոլորեցնելու համար, հիմա էլ որոշել եք ինքներդ ձե՞զ մեղադրել: Թե՞ օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքում և հոկտեմբերի 23-ին ԱԺ-ում ելույթ ունեցող անձը նույն Նիկոլ Փաշինյանը չէ: Իսկ միգուցե ձեզ մոտ էլ է իրավիճակ փոխվել, ու այդ փոփոխության արդյունքում ոմն վարչապետի Ժ/Պ հանդգնում է ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում տասնյակ-հազարավոր հպա՛րտ քաղաքացիների առջև արված հայտարարությունը համարել կեղծ: Հետաքրքիր է, ինչո՞ւ է այս Ժ/Պ վարչապետը Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս եկել, չի՞ հասկանում, որ մի օր էլ, հնարավոր է, իրեն պառկեցնեն ասֆալտին:

Իսկ եթե լուրջ, ապա Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր ելույթով ապացուցեց մի պարզ բան. ինքը պատրաստ է դեմ գնալ բոլորին, անգամ ինքն իրեն, նա պատրաստ է «փուռը տալ» անգամ իր ամենահավատարիմ ենթականերին, նա ցանկացած պահի պատրաստ է ամենագռեհիկ ու կոպիտ ձևով մեղադրել բոլորին՝ միայն թե կարողանա ժողովրդի աչքին թոզ փչել ու ամենախելացին ու ամենաճիշտը երևալ: Եթե այսօր Փաշինյանն իր նախկին հայտարարությունն է կեղծ համարում, վաղը նույն հաջողությամբ մեղադրելու է ԱՎԾ պետին՝ տնտեսական աճի թվերը կեղծելու մեջ, ՊԵԿ նախագահին՝ հարկերը թաքցնելու մեջ, Ֆինանսների նախարարին՝ բյուջեն չկատարելու մեջ, և այս ամենը միայն նրա համար, որ վաղը դուրս գա հրապարակ և մինչև «լարից ընկնելը» գոռա՝ ժողովո´ւրդ, ԱՎԾ պետը թվերը կեղծում է, ՊԵԿ նախագահը հարկերը թաքցնում է… Դմփ-դմփ հուուուու…

Իսկ եթե ավելի լուրջ ամփոփենք այս տրագիկոմեդիան, ապա պետք է փաստենք մի բան. Նիկոլ Փաշինյանի արածը այսօր ոչ այլ ինչ է, քան ընտրազանգվածի պայքար: Ընտրված ռազմավարությունը հայտնի հռոմեական «բաժանիր որ տիրես»-ի մոդեռնիզացված տարբերակն է: Կհարցնեք՝ ինչպե՞ս… Շատ պարզ: Տնտեսության մեջ առաջացնում է երկու ուժերի մեջ հակադրություն, և նրանց երկուսին էլ խոստանում ընտրություններից հետո հարցը լուծել իրենց օգտին: Այդպես է Ամուլսարում, այդպես է Ալավերդիում, Այդպես է ԼԳՏԲ-ի դեմ պայքարում, և այլն: Արդյունքում՝ երկու ուժերն էլ իրենց օգտին լուծում ակնկալելով՝ սկսում են սատարել, որպեսզի չկորցնեն իրենց, այսպես ասած, շանսը: Սակայն վարչապետի խորամանկ Ժ/Պ-ն մինչև ընտրություններ ոչ մի հարցի լուծում չի տալիս, որովհետև հարցը լուծելու դեպքում կողմերից մեկը դժգոհ է մնալու, իսկ այսպես երկուսն էլ ակամայից համալրում են Փաշինյանի ընտրազանգվածը:

Փաշինյանը նման մեթոդով իր քաղաքական հարցերը լուծելով՝ մոռանում է մի պարզ բան, որ տնտեսությունն այս ընթացքում գահավիժում է ներքև, ևս մի քիչ, ու ինքը կարող է անգամ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ չձգել, որովհետև որքան էլ ժողովրդին դուր գա հեղափոխական էյֆորիան, սոված փորով, ձմեռվա ցրտին «Դմփ-դմփ հու» անելը այնքան էլ հաճելի չէ, հատկապես, որ դրա արդյունքում կարող է պարզվել՝ «մարդ ա վատացել»:

Մաքսիմ Մուսինյան

Տեսանյութեր

Լրահոս