Բաժիններ՝

Երևանի ընդհանուր օգտագործման տարածքում գտնվող հողամասը վաճառվել է շուկայականից ցածր գնով. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելով օտարման ոչ ենթակա գույքը շուկայականից ավելի քան 5 անգամ ցածր գնով վաճառելու դեպքի առթիվ:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից Երևանի քաղաքապետարանի նախկին՝ «Երկիր ծիրանի» խմբակցությունից ստացված գրության հիման վրա ուսումնասիրվել է Երևան քաղաքի Չարենցի 25/1 հասցեում գտնվող՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հանրակրթական դպրոցի հարակից աստիճանահարթակը և սիզամարգերն ընդգրկող հողատարածքի վաճառքի հանգամանքները:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, բավարար տվյալներ ունենալով այն մասին, որ նշված հողամասն ընդգրկված է Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման գոտում և, որպես այդպիսին, ենթակա չէ օտարման, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և առանց սահմանված կարգով գույքի գնահատման, նշված հողատարածքը վաճառել են ընդամենը 81.928.700 ՀՀ դրամով: Գնորդը հետագայում գույքը երկու անգամ գրավադրել է բանկում: Այդ շրջանակներում իրականացված անշարժ գույքի գնահատմամբ հողատարածքը մի դեպքում գնահատվել է 445.500.000 ՀՀ դրամ, երկրորդ՝ հաջորդող գրավով գրավադրման ժամանակ՝ 458.350.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 26–ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս