«Պետք է մի քիչ բաց տեքստով խոսեն, թե ինչ հանգուցալուծում է հնարավոր՝ անկախ ընտրությունների ելքից». Վահրամ Բաղդասարյան
«Միջազգային կոնվենցիաների համաձայն՝ հակամարտող երկրներում ճիշտ չի համարվում, որ զենքեր վաճառեն, դա, անկախ նրանից՝ կվերաբերի ԱՄՆ-ին, թե ՌԴ-ին: Դա ավելի է լարում իրավիճակը, բանակցային փուլը տանում է հակամարտության: Ճիշտ չէ նման տիպի հայտարարություններով շահագրգռել, թե ում զինատեսակն է ավելի հզոր, ավելի ուժեղ:
Մենք չենք գնում պատերազմի, մենք գնում ենք խաղաղ ճանապարհով բանակցային պրոցեսներով խնդրի կարգավորմանը, որը նաև համահունչ է ՄԽ հայտարարություններին»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությանը, թե ամերիկյան զենքն ավելի որակյալ է, քան ռուսականը, և եթե պետք է հակամարտող կողմերը զենք գնեն, ԱՄՆ-ը կարող է վաճառել այն։
Ըստ Բաղդասարյանի՝ որևէ մեկին առավելություն չպետք է տալ, Հայաստանի արտաքին քաղաքականությունն այնպիսին է, որ պետք է բոլորի հետ ունենանք արդեն իսկ որդեգրած հարաբերությունները՝ ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկեր ենք, ԵՄ-ի հարաբերությունները բարձր մակարդակի են, ԱՄՆ-ի հետ շատ նորմալ, ջերմ են: Իսկ եթե, Բաղդասարյանի խոսքով, իրավիճակն այնպիսին է, որ մենք պետք է մտածենք մեր ռազմական հզորացման մասին, մասնագետների կարծիքներն են կարևոր, թե ինչպես պետք է զինվենք, որն է ավելի նպատակահարմար:
«Պատմության կաղապարներ մենք չունենք, մենք ունենք ազգային արժեքներ, որոնցից հրաժարվելն անթույլատրելի է: Դրանք մեր ավանդական ընտանիքներն են, մեր տարածքները, պատմական ձեռքբերումները, Ղարաբաղյան հարցը, դրանք բոլորը պատմություն են: Անցյալից, պատմությունից հրաժարվելը նշանակում է՝ կասկածի տակ դնել ապագան: Մենք չունենք պատմական կաղապարներ, որ դրանից հրաժարվենք, մենք ունենք պատմական արժեքներ և ճիշտ չենք համարում դրանից հրաժարվելը»,- ասաց Վ.Բաղդասարյանը:
Նա նշեց, որ ԱՄՆ-ը պետք է ավելի ձեռնպահ մնա շահագրգռել զինատեսակներով և գնա խաղաղ փուլ: ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի կողմից զենքի վաճառքին իրենք քննադատաբար են մոտենում, դա անթույլատելի է. «Յուրաքանչյուր երկիր սահմանափակ քանակով պետք է զինի իր բանակը, բայց շահագրգռելու, զուտ պատերազմական զինատեսակներ ձեռք բերելու շահագրգռվածությունից պետք է զերծ մնանք»:
Անդրադառնալով Բոլթոնի այն հայտարարությանը, որ, եթե կանխատեսումներն իրականանան, և Փաշինյանը կրկին զբաղեցնի վարչապետի պաշտոնը, ընտրություններից հետո ԼՂ հակամարտության կարգավորման հարցում վճռական քայլեր իրականացնելու ժամանակն է, Վ.Բաղդասարյանն ասաց. «Ես դրա հանգուցալուծումը չեմ տեսնում, այն տարբերակները, որ քննարկվում են, Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները դեմ են դրանց: Ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի ընդհանուր հայտարար կարող է լինել: Պետք է մի քիչ բաց տեքստով խոսեն, թե ինչ հանգուցալուծում է հնարավոր՝ անկախ ընտրությունների ելքից: Ես չեմ կարծում, որ ընտրությունների արդյունքներ կարող են օգտակար կամ խանգարող լինել հանգուցալուծման համար»:
Վ.Բաղդասարյանը նշեց, որ որքան էլ իշխանությունը վայելի ժողովրդի համակրանքը, ինքը չի պատկերացնում, որ հրապարակում կարելի է հավաքել ժողովրդին ու որոշել, որ ազատագրված տարածները վերադարձնում են. «Գրավյալ տարածքներ մենք չունենք, և վերադարձնելու հարց չի քննարկվում: Մենք ունենք առաջնահերթ խնդիր՝ ԼՂ ինքնորոշման ճանաչում, և հետո գնա բանակցային փուլ: Թե ինչպիսի պայմաններ կառաջարկվի բանակցային փուլում, չեմ կարող ասել, որովհետև դրա հանգուցալուծումն առայժմ անտեսանելի է»: