
Կրասնոդարի երկրամասում ավելի քան 80 գնացք է չեղարկվել տեղատարափների պատճառով

«Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունն ընդհանուր առմամբ 84 գնացք է չեղարկել Կրասնոդարի երկրամասում տարերքի հետեւանքների պատճառով, որտեղ ջրի տակ են անցել երկաթուղային ճանապարհները: Հոկտեմբերի 26-ին այս մասին հաղորդվում է ընկերության կայքում։
Չեղարկվածների թվում են ինչպես այն գնացքները, որոնք պետք է հոկտեմբերի 25-ին մեկնեին Ադլեր եւ Ադլերից, այնպես էլ այն շարժակազմերը, որոնց մեկնումը պլանավորվել էր հոկտեմբերի 26-ին, 27-ին եւ 28-ին: Մասնավորապես, չեղարկված են Ադլերից Մոսկվա երեք գնացքներ հոկտեմբերի 26-ին եւ 27-ին, ինչպես նաեւ Սուխումից Ռուսաստանի մայրաքաղաք՝ հոկտեմբերի 26-ին:
Սաստիկ անձրեւներից հետո Կրասնոդարի երկրամասում ջրով է ծածկվել շուրջ 30 բնակավայր, վնասվել են ավտոճանապարհներ եւ երկաթուղային ճանապարհներ, ուշացել են գնացքները, քանդվել են մի քանի կամուրջներ եւ դրանց մատույցներ: Կան էեկտրա- եւ գազամատակարարման ընդհատումներ, առանց ջրի է մնացել Տուապսեն, որտեղ ավելի քան 60 հազար մարդ է բնակվում: Բնակելի տներ եւ տնամերձ հողամասեր են ջրի տակ անցել Տուապսեի, Ապշերոնսկի շրջաններում եւ Սոչիում: Կրասնոդարի երկրամասի տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանված, հաղորդել է ՏԱՍՍ-ը: