«Եթե հեղափոխություն է արվել, դա չի նշանակում, որ պարտադիր պետք է իշխանության կամ ՔՊ-ի թեկնածուն ընտրված լինի». «Ժամանակ»

Վարչապետի հայտարարության վերաբերյալ «Ժամանակ» թերթի թղթակիցը զրուցել է Կապանի նորընտիր քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ։

-Պարոն Փարսյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը։ Փաստորեն, ըստ վարչապետի, Դուք ընտրություններում հաղթել եք մարդկանց ուղղորդելու ու հին մեթոդները կիրառելու շնորհիվ։

-Ես չեմ կարողանում պատկերացնել, թե որտեղից վարչապետի մոտ նման ինֆորմացիա, որ այստեղ մարդկանց ուղղորդել են։ Իրեն երևի սխալ ինֆորմացիաներ են տալիս, չեմ կարող պատկերացնել։ 10500 մարդուն ուղղորդե՞լ ենք, ինչպե՞ս։ Չի կարող։ Նորմալ, օրինական, ազատ, գիտակցված ընտրություններ են տեղի ունեցել Կապանում։

-Դուք պատրաստակամություն եք հայտնել նոր իշխանությունների հետ աշխատելու։ Ինչո՞վ եք բացատրում վարչապետի նման կոշտ հայտարարությունը, մանավանդ որ նախորդ հայտարարությամբ նա ողջունել էր ընտրության արդյունքները։

-Ես էլ չեմ հասկանում, չեմ կարող պատկերացնել։ Ինձ թվում է՝ ամեն ինչ իր հունի մեջ կընկնի։ Մի քանի օր հետո, երբ ես պաշտոնապես ստանձնեմ պաշտոնը, շփումներն ավելի կակտիվանան ու կարծում եմ՝ մեր իշխանությունները, վարչապետը կհամոզվեն, որ մեզ մոտ ընտրություններն իրականում ազատ, արդար ու օրինակ են եղել՝ առանց որևէ ուղղորդման։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ վարչապետին սխալ ինֆորմացիա են տալիս, այլապես ես չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչ է կատարվում։

Այնպիսի տպավորություն է, որ Երևանում մարդիկ մոլորության մեջ են Կապանի հետ կապված: Տեսեք, եթե այսօր մեր վարչապետն ասում է՝ հեղափոխությունը չի հասել, ես էլ ասում եմ՝ մենք հեղափոխության արդյունքն ենք։

Մենք ենք հեղափոխության արդյունքը։ Մենք ենք ժողովրդի ընտրյալը, որովհետև, եթե հեղափոխություն է արվել, դա չի նշանակում, որ պարտադիր պետք է իշխանության կամ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն ընտրված լինի։

Ընտրություններն անցնում են ազատ, արդար ու ժողովուրդն է ընտրում իր ընտրյալին, դա է հեղափոխության արդյունքը։ Մենք ի սկզբանե ունեցել ենք մտադրություն՝ աշխատել ի նպաստ Կապանի, կապանցիների ու միանշանակ պետք է աշխատենք իշխանությունների հետ, որպեսզի կարողանանք մարդկանց հույսերն արդարացնել։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս