Արթուր Ղազինյանը ճիշտ է համարում ԱԺ Կանոնակարգ օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու ՀՀ նախագահի քայլը
ՀՀ սահմանադրության պահանջներին «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի համապատասխանության հարցը որոշելու համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարան դիմելը ճիշտ քայլ էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը: Նրա խոսքով՝ ՀՀ նախագահի քայլը սպասելի էր, քանի որ օրենքը պարունակում է որոշակի խնդիրներ սահմանադրականության և իրավական որոշակիության առումով:
«Այլ լուծում պարզապես չկար, քանի որ եթե օրենքը գործողության մեջ մտներ, ապա այն փաստացի կսահմանափակեր սահմանադրական դրույթի գործողության հնարավորությունը: Մասնավորապես, սահմանադրականության խնդիրն այն է, որ ՀՀ սահմանադրությամբ նշված է, որ 7-օրյա ժամկետում պետք է կայանա ընտրություն, մինչդեռ այս օրենքի գործողության մեջ մտնելու արդյունքում արհեստական խոչընդոտ կստեղծվի՝ 7-օրյա ժամկետի ձգձգմամբ: Սա իրականում խնդիր է, որի հետ կապված պետք է պարզաբանում ներկայացնի Սահմանադրական դատարանը»,- ասաց Արթուր Ղազինյանը:
Անդրադառնալով իրավական որոշակիության հարցին՝ Արթուր Ղազինյանը նշեց, որ նախ պետք է հստակեցվի, թե ինչ է նշանակում կամքից անկախ պատճառներով: Դա կարող է լինել բնական պատճառ, ասենք՝ աղետ, ճանապարհային երթևեկության խցանում:
«Կարող է լինել նաև մարդու հետ պատահած ինչ-որ անձնական հարց՝ դրական թե բացասական, որի պատճառով չի կարողացել պատգամավորը ներկայանալ: Արդյունքում՝ նիստը չի կայացել, դա նշանակում է ի՞նչ. այդ մարդու անձնական խնդիրը դառնում է պատճառ, որ այդ 7-օրյա սահմանդրական նորմը չգործի՞: Դրան գումարվում է նաև այն հանգամանքը, թե ինչպես ընդունվեց նախագիծը, ինչ միջավայրում, ինչ պայմաններով, ինչ մթնոլորտում, ինչպես որակվեց: Այդ ամենի հետևանքով ժողովրդական հուզումներ առաջացան, ինչը, բնականաբար, որոշակի զայրույթ առաջացրեց և արդարության պահանջ ձևավորեց նախագահի առաջ»,- ընդգծեց Արթուր Ղազինյանը:
ՀՀ նախագահը, գործելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններով, դառնալով Սահմանադրության պահպանման երաշխավորը, ըստ Արթուր Ղազինյանի, իրականացրեց իր սահմանադրական գործառույթը՝ ճգնաժամը հանգուցալուծելու սահմանադրաիրավական մեխանիզմներով:
«Այլ լուծում դա չուներ, քանի որ օրենքով փաստացի սահմանափակվում էր սահմանադրական դրույթի գործողության հնարավորությունը: Սա խնդիր է, որը չպետք է լինի ոչ մի օրենքի մեջ, քանի որ Սահմանադրությունը գլխավոր իրավական փաստաթուղթն է: Այս պարագայում Ազգային ժողովը մի փոքր շտապեց, առկա էր քաղաքական մեծ բաղադրիչ, ինչն էլ հանգեցրեց նման բարդ իրավիճակի»,-հավելեց նա:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հոկտեմբերի 23-ին հայտարարություն էր տարածել ԱԺ 2018թ. հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի վերաբերյալ: Ըստ դրա՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԱԺ Կանոնակարգ օրենքի սահմանադրականության հարցով կդիմի ՍԴ:
Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ 67 կողմ ձայներով ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին վիճահարույց օրենքի նախագիծը, որի քվեարկությունն անցավ առանց էլեկտրոնային եղանակի, պատգամավորները քվեարկել էին ձեռքով: Նախագծի համաձայն՝ Ազգային ժողովի նիստերը չեն համարվի կայացած, եթե արտաքին խոչընդոտներով պայմանավորված պատգամավորները չեն կարողանա մասնակցել նիստին: Նախագծով նշվում է, որ այդ դեպքում նիստը կհամարվի ընդհատված և կշարունակվի այն ժամանակ, երբ խոչընդոտները կվերանան: Նախագծի ընդունումից հետո Նիկոլ Փաշինյանը դիմեց քաղաքացիներին և կոչ արեց հավաքվել Ազգային ժողովի մոտ՝ բողոքի ցույց անցկացնելու համար: