«Մեղրի» ազատ տնտեսական գոտու նկատմամբ Իրանի հետաքրքրությունը մեծանում է
Իրանը հետաքրքված է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հնարավորինս արագ զարգացմամբ, սակայն տեխնիկական հարցերի պատճառով այդ գործընթացը դանդաղում է: Այս մասին հոկտեմբերի 24-ին, Երևանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի իր զեկույցում նշեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տնօրեն Աշոտ Զարբաբյանը:
«Ներկայումս կա մի ընկերություն`«Բոնվարոն»-ը, որը մեր գոտում գործունեություն ծավալելու հայտ է ներկայացրել: Այն կառավարության դրական եզրակացությունն է ստացել և հաջորդ տարվա հունվարի վերջից կսկսի գործել մեր տարածքում: Այն կզբաղվի կաթնամթերքի արտադրությամբ և դրա արտահանմամբ»,- ասաց Զարբաբյանը:
Նրա խոսքով` իրենք ցանկանում են, որ «Մեղրի» տնտեսական գոտին հնարավորինս արագ զարգանա, սակայն տեխնիկական հարցերի պատճառով այն դանդաղում է: «Իրանական և այլ ընկերություններ հետաքրքրված են գոտիով, բայց դեռ առարկայական քայլեր չկան: Եվրասիական շուկայում նույնպես մեր գոտու հանդեպ հետաքրքրությունը մեծ է, բայց այդ հետաքրքրությունը պետք է պոտենցիալ շահագործողների կողմից վերածվի կոնկրետ քայլերի: Մենք բաց ենք բոլորի համար, պարզապես պետք է, որ գործարարները բիզնես ծրագրեր ներկայացնեն մեզ»,- ընդգծեց գոտու տնօրենը:
Նա հավելեց, որ Իրանում գործող «Արազ» ազատ տնտեսական գոտու հետ հուշագիր է նախատեսված, սակայն այն դեռ քննարկման փուլում է:
Լրագրողներն Իրանի և «Մեղրի» ազատ տնտեսական գոտու միջև հնարավոր համագործակցության մասին զրուցեցին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության առևտրային ներկայացուցիչ Մոհսեն Ռահիմիի հետ: Նա նշեց, որ Իրանում կան շատ գործարարներ, տնտեսական գործունեություն ծավալող անձիք, որոնք մեծ ցանկություն ունեն գործունեություն սկսել «Մեղրի» ազատ տնտեսական գոտում:
«Ցավոք, պետք է ասեմ, որ մինչ օրս «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկման վերաբերյալ ակտիվ քայլեր չեն արվել, և համապատասխան ենթակառուցվածքը գոյություն չունի: Դրանց առկայության դեպքում, ես վստահեցնում եմ, որ մեր երկրից գործարարները կգան ու գործունեություն կսկսեն այստեղ: Ինքս այցելել եմ սահման և տեսել եմ գոտին»,- հավաստիացրեց նա:
Մոհսեն Ռահիմիի խոսքով` «Մեղրի»-ով հետաքրքիրված են ընկերություններ, որոնք տարբեր ոլորտներում են աշխատում` սկսած մեքենաշինությունից, ավարտած մսամթերքի արտադրությամբ:
«Իրանցիների համար շահավետ կլինի այդ տնտեսական գոտում աշխատել, քանի որ այն հնարավորություն է տալիս տարբեր տեսակի հարկերից ազատվել, դյուրացված են մաքսային ձևակերպումները: Այդ գոտին Իրանի համար կարող է այլ առևտրային շուկաներ դուրս գալու հնարավորություն ստեղծել»,- եզրափակեց Մոհսեն Ռահիմին:
Մեղրի ազատ տնտեսական գոտին գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին: Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է 2017թ, դեկտեմբերին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, գոտու կազմակերպիչ է ճանաչվել պետության կողմից ստեղծված «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն։ «Մեղրի» ազատ տնտեսական գոտին գործարարներին հնարավորություն է տալիս զբաղվել արտադրությամբ, լոգիստիկ ծառայություններով, առևտրով: