«Եթե Նիկոլը նշանակել է, ուրեմն՝ գիտի՝ ինչ է անում». Լևոն Թոքմաջյանը՝ նոր նշանակումների մասին

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանի խոսքով՝ իրեն առանձնապես չի ուրախացրել Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունը։ Նա հիշել էր Երևանի 2750-ամյակին նվիրված տոնակատարությունը, երբ ժողովրդի մեջ կար մեծ խանդավառություն։

Ըստ նրա, Երևանի բոլոր քաղաքապետերը՝ բացի Գրիգոր Հասրաթյանից և Մուրադ Մուրադյանից, միշտ ենթարկվել են իշխող կուսակցությանը, այդ պատճառով էլ երբեք կապ չի ստեղծվել հին Երևանի և նորի միջև։ Հին Երևանը անխղճորեն քանդել են և չգիտեն, թե այսօր ինչ ուղղությամբ է գնում նոր Երևանը։

Նրա խոսքով, եթե Արթուր Մեսչյանն ավելի շուտ նշանակվեր Երևանի գլխավոր ճարտարապետ, ապա մայրաքաղաքն այսպիսի ծայրահեղ վիճակում չէր հայտնվի։
«Ինձ շատ է ուրախացրել այս նշանակումը, Արթուր Մեսչյանի հետ ծանոթ եմ եղել, երբ նրան Վանո Սիրադեղյանը նշանակեց Երևանի գլխավոր ճարտարապետ։ Մենք բազում խնդիրներ ունեինք քննարկելու, սակայն նրա պաշտոնավարումը երկար չտևեց, չգիտեմ, թե ինչ հակասություններ տեղի ունեցան, որ նա գնաց»,- նշեց Լևոն Թոքմաջյանը։
Քանդակագործի բնորոշմամբ՝ այսօր հին Երևանը չկա և այլևս չի լինելու, սակայն հույս ունի, որ Երևանի գլխավոր ճարտարապետն այլևս թույլ չի տա կառուցել նոր Հյուսիսային պողոտաներ և մինչև երկինք հասնող էլիտար շենքեր, քանի որ նախորդ գլխավոր ճարտարապետները եղել են իշխանությունների կամակատարները։

Հարցին, թե՝ վստա՞հ եք, որ Արթուր Մեսչյանը չի դառնա նոր իշխանության կամակատարը, քանի որ շատ լավ համագործակցել է նախկին իշխանությունների հետ, քանդակագործը պատասծանեց, որ գլխավոր ճարտարապետը պետք է շատ ազնիվ մարդ լինի, և հորդորեց մի քիչ էլ ժամանակ տալ, որպեսզի հասկանան, թե ով  ով է, ինչ կարող է անել, և այլն։

Անդրադառնալով Հունան Պողոսյանի և մյուս պաշտոնատար անձանց նշանակումներին՝ Լևոն Թոքմաջյանն ասաց. «Եթե Նիկոլը նշանակել է, ուրեմն՝ գիտի՝ ինչ է անում։ Մենք նրան հավատում ենք, որ քաղաքապետ ընտրեցինք, հո Հայկ Մարությանի՞ն չընտրեցինք, մենք ընտրեցինք Նիկոլին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս