«Դա գլխացավանք է». Նիկոլ Փաշինյանը՝ ԼԳԲՏ համաժողովի մասին
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի բարձրացրած՝ ԼԳԲՏ համաժողովի հարցին, և նշեց, որ հանձնարարել է ճշտել, թե դա ինչ միջոցառում է, ով է կազմակերպում, ինչ նպատակով.
«Ինձ համար ընտանիքի հայկական մոդելը բարձագույն արժեք է։ Այստեղ որևէ կասկած չկա։ Բայց վերջերս, երբ Փարիզում էի պաշտոնական այցով, սենյակում սուրճ պատվիրեցի, սուրճ բերեց մի երիտասարդ տղա, ասաց՝ վայ, բարև ձեզ, պարոն վարչապետ։ Ասացի՝ հա՞յ ես, ասաց՝ այո, մարզկենտրոններից մեկից էր։ Ասացի՝ բա, հեղափոխություն է, ներգաղթի մասին չես մտածում, ասաց՝ ոչ, հազիվ եմ փախել Հայաստանից։ Հետաքրքրվեցի՝ ի՞նչ է եղել, ասաց՝ այստեղ ապրում եմ ընկերոջս հետ, որը նորից մեր քաղաքից է։
Պատկերացնում ենք, չէ՞, ինչ իրավիճակ է։ Այս խնդիրը քննարկելիս՝ պետք է,բացի մեր վերաբերմունքն արտահայտելը, հասկանանք՝ սա մեզ համար խնդի՞ր է, թե՞ ոչ, եթե խնդիր է, ոնց ենք վերաբերվում դրան»։
Վարչապետը նկատեց՝ եթե ընդունում ենք, որ կան սեռական այլ կողմնորոշում ունեցող մարդիկ, ի՞նչ վերաբերմունք ենք ցույց տալու. «Ինձ համար այդ թեման ինչքան քիչ բարձրանա, այնքան լավ, որովհետև դա գլխացավանք է. կեսը կասի՝ սրանք դրանց պաշտպանն են, մյուս կեսը կասի՝ իրավունքների խախտող են, էն մյուս կեսը կասի՝ խարխլում են մեր ավանդական ընտանիքի հիմքերը, և այլն։
Բայց մենք բոլորով պետք է հասկանանք՝ ինչ ենք անում։ Եկեք որոշենք՝ ՔՕ-ում հոդված ենք ավելացնում, այդ մարդկանց բոլորին հավաքում ու Հայաստանից դո՞ւրս ենք հանում, եկեք՝ որոշենք, մենք նրանց գոյությունն ընդունում ենք, թե ասում ենք՝ քարոզչություն մի տարեք՝ ձեր համայնքն ընդլայնելու։ Սա լուրջ հարց է։
Մեր կառավարությունը դեռ ինչ-որ ձևով այս հարցից կխուսափի, բայց 20 կամ 30 տարի հետո լինելու է մի կառավարություն, որ առերեսվելու է այս խնդրի հետ։ Այդ ժամանակ այդ կառավարությունը պետք է որոշում կայացնի՝ տանկերը հանում բոլորին գնդակահարում է, թե ճանաչում այդ մարդկանց գոյությունը Հայաստանում»։