Մհեր Գրիգորյանն ընդունել է Սինգապուրից ժամանած պատվիրակության անդամներին
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պու Կուն Կոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:
Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը Սինգապուրի կրթության, տնտեսության, հանրային ոլորտի և մարդկային կապիտալի զարգացման առկա փորձը օրինակելի է համարել շատ երկրների համար և նշել, որ Հայաստանի և Սինգապուրի միջև միջպետական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա, որն այսօր ամբողջությամբ չի իրացվում:
Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանի հարուստ մշակույթն ու հյուրընկալությունը կարևոր հիմք են զբոսաշրջության զարգացման համար: Պու Կուն Կոն դրվատանքով է խոսել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ երիտասարդների հետաքրքիր գաղափարների մասին և ակնկալել համագործակցություն նաև թվայնացման օրակարգի շրջանակում: Սինգապուրի ավագ պետնախարարը պատրաստակամություն է հայտնել հայ գործընկերների հետ կիսվելու իրենց երկրում տարբեր ոլորտներում առկա հաջողված փորձով:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցությունը ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում երկու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների մակարդակին բարձրացնելու անհրաժեշտությունը: Մհեր Գրիգորյանը և Պու Կուն Կոն կարևորել են առաջիկայում ԵԱՏՄ երկրների և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումը և դա համարել ևս մեկ խթան հայ-սինգապուրյան երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցություն ցուցաբերել համաձայնագրի կնքման և դրա հետագա կիրարկման գործընթացում: