Գերեզմանատանը դանակով հարվածել է համագյուղացու պարանոցին. քննչական կոմիտեն մանրամասնում է
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 45-ամյա տղամարդու դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14.05-ին, ոստիկանության Մարտունու բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13.00-ի սահմաններում, Գեղարքունիքի գյուղերից մեկի գերեզմանատանը, իր ներկայությամբ, նույն գյուղի բնակիչ 1975 թ. ծնված տղամարդը վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 1973թ. ծնված համագյուղացու պարանոցի հատվածին, և դիմել փախուստի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով: Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավվել է:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: