«Եվրասիական շաբաթ» ֆորումի ընթացքում անդրադարձ է կատարվելու նաև Միության զարգացման ռազմավարությանը. Տիգրան Սարգսյան
Երևանում հոկտեմբերի 22-ին մեկնարկած «Եվրասիական շաբաթ 2018» ֆորումին մասնակցում է աշխարհի ավելի քան 25 երկրի 2500-ից ավելի ներկայացուցիչ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ֆորումի բացման խոսքում նշեց, որ արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառման շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին էլ մասնակցում է ավելի քան 120 ընկերություն:
«Ֆորումի աշխատանքները կազմակերպելու ընթացքում կարևորություն է տրվել իշխանությունների և բիզնեսի հարաբերությունների բարելավմանը: Կարևոր խնդիր է լինելու այս իմաստով կոոպերացիայի զարգացումն ու տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցությունը»,-ասաց նա:
Տիգրան Սարգսյանի խոսքով` Եվրասիական շաբաթվա շրջանակներում քննարկվելու են տարբեր նախաձեռնություններ՝ ուղղված ոսկերչությանը, շինարարությանը, ապրանքների թվային հետևելիությանը, խելացի քաղաքների տեխնոլոգիաներին և այլն: Կլինի նաև թվային ծրագրերի մրցույթի ամփոփում:
«Պետք է նշել, որ կոոպերացիաների համատեղ գործունեությունը հանդիսանում է բոլոր ինտեգրացիոն գործընթացների հիմնական ուղղությունը: Մրցակցությունը լավագույնս ներկայացնում են Ավստրալիան և Նոր Զելանդիան, որոնք հանդես են գալիս որպես սուր մրցակիցներ անասնաբուծության ոլորտում, իսկ այսօր արդեն ունեն համատեղ արտահանման ռազմավարություն, այն ինչը մենք չունենք»,-ընդգծեց Սարգսյանը:
Նա նշեց, որ Եվրասիական շաբաթի ընթացքում անդրադարձ է կատարվելու նաև Միության զարգացման ռազմավարությանը: «Այսօր արդեն հասունացել է համատեղ քաղաքականության իրականացման խնդիրը: Ամեն դեպքում, մենք անընդհատ առնչվելու ենք մեր գործունեության վերաբերյալ քննադատության հետ, իսկ վերացված խոչընդոտների փոխարեն կհայտնվեն նորերը»,-նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը:
Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անունից մաղթեց մասնակիցներին արդյունավետ աշխատանք՝ համոզմունք հայտնելով, որ մասնակիցների բոլոր սպասումները կարդարանան: