Բաժիններ՝

Ճամբարակ քաղաքը վերածվել է շինհրապարակի

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում այժմ ստեղծված վեց շինհրապարակներում աշխատանքներն իրականացվում են պետական եւ տեղական բյուջեների, ինչպես նաեւ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ: Ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 101 միլիոն 600 դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Ճամբարակ քաղաքի Բաղրամյան-Նարեկացի փողոցի ասֆալտապատման աշխատանքները սկսվել են 2018 թվականի հոկտեմբերից , ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիայի եւ տեղական բյուջեի միջոցների հաշվին: 13 միլիոն 300 հազար դրամ կազմել է ՀՀ կառավարության, 19 միլիոն 908 հազար դրամ՝ համայնքի բյուջեի ներդրումը: Փողոցի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում:

Երկրորդ շինհրապարակը գտնվում է կենտրոնական զբոսայգում, որի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2018 թվականի սեպտեմբերից, ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիայի եւ տեղական բյուջեի միջոցների հաշվին: Շինարարական աշխատանքները կավարտվեն 2018 թվականի մինչեւ դեկտեմբեր ամիս, իսկ զբոսայգու հիմնանորոգման ընդհանուր արժեքը կկազմի 19 միլիոն 850 հազար դրամ, որից 7 միլիոն 940 հազար դրամ կազմել է ՀՀ կառավարության, 11 միլիոն 910 հազար դրամը՝ համայնքի բյուջեի ներդրումը:

Ճամբարակ քաղաքի երրորդ շինհրապարակը գտնվում է Վերին Ճամբարակ թաղամասից դեպի Հ.Նադարյան փողոց ձգվող հատվածում, որտեղ բացվում է նոր մուտք: Աշխատանքները սկսվել են այս տարվա սեպտեմբեր ամսից: 4 միլիոն 747 հազար դրամ կազմել է ՀՀ կառավարության, 7 միլիոն 122 հազար դրամ՝ համայնքի բյուջեի ներդրումը: Թաղամասի մուտքի բացման եւ փողոցի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն այս աշնան ընթացքում:

Չորրորդ շինհրապարակը համայնքի Վահան բնակավայրում է, որտեղ 1313 մետր երկարության խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2018 թվականի հոկտեմբերից: Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 6 միլիոն 900 հարյուր հազար դրամ, որից 2 միլիոն 760 հազար դրամ կազմել է ՀՀ կառավարության, 4 միլիոն 140 հազար դրամ՝ համայնքի բյուջեի ներդրումը:

Նորակառույց ջրագիծը շահագործման կհանձնվի այս տարվա դեկտեմբերին: Ծրագրի իրականացման արդյունքում Վահան գյուղի տնտեսությունների մոտ կեսը կապահովվեն շուրջօրյա եւ որակյալ խմելու ջրով:

Ճամբարակ համայնքի աղբավայրի բարեկարգման աշխատանքները սկսվել են 2018 թվականի հոկտեմբերից եւ կավարտվեն հոկտեմբեր ամսվա վերջին: Շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 7 միլիոն 300 հազար դրամ:

Ճամբարակ քաղաքի հաջորդ շինհրապարակը Պ.Սեւակի փողոցում է, որի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են այս տարվա սեպտեմբեր ամսից: 9 միլիոն դրամ կազմել է ՀՀ կառավարության, 13 միլիոն 500 հազար դրամ՝ համայնքի բյուջեի ներդրումը: Փողոցի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն նոյեմբեր ամսվա ընթացքում:

«Կենսական կարեւոր նշանակության այս ծրագրերի իրականացման շնորհիվ մենք կունենանք հիմնանորոգված ու բարեկարգված 820 մետր երկարության ներհամայնքային ավտոճանապարհներ, բարետես ու գրավիչ զբոսայգի, շրջակա միջավայրի համար վտանգ չներկայացնող աղբավայր, Վահան համայնքի բնակիչների համար՝ ջրամատակարարման բարելավում: Կարծում եմ, որ մենք տարին կփակենք նկատելի ձեռքբերումներով»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս