Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սաադ Հարիրիին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար. «Սա իմ առաջին այցելությունն է եղբայրական Լիբանան՝ հնագույն քաղաքակրթությունների պատմությամբ լի մի երկիր: Վստահ եմ, որ այս այցը լավագույնս կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ քննարկմանը: Անշուշտ, մեր երկրների միջև կապերի խորացման և ամրապնդման գործում իր զգալի ներդրումն է ունեցել նաև Ձեր հայրը՝ երջանկահիշատակ Ռաֆիկ Հարիրին, ով Հայաստանի մեծ բարեկամն էր»:
Սաադ Հարիրին նշել է, որ Լիբանանը բարձր է գնահատում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը և շահագրգռված է դրա հետագա ամրապնդմամբ: Նա կարևորել է լիբանանահայ համայնքի դերակատարումը Լիբանանի զարգացման, ինչպես նաև հայ-լիբանանյան կապերի խորացման գործում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների ներքաղաքական ընթացիկ իրավիճակի շուրջ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած համաժողովրդական գործընթացներին, ներկայացրել դրանց արդյունքում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, ներկայիս գործընթացները և սպասվող զարգացումները:
Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, և պետք է ակտիվ աշխատել տնտեսական բաղադրիչը ևս այդ նշաձողին հասցնելու ուղղությամբ: Այս առումով զրուցակիցները կարևորել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության աշխուժացումը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման, ներդրումների պաշտպանության պետական երաշխիքների ապահովման նպատակով ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և առաջարկել է կազմակերպել լիբանանյան գործարար շրջանակների այց Հայաստան` պայմաններին տեղում ծանոթանալու նպատակով:
Կողմերը քննարկել են գյուղատնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընթացքից, որի դրական տեմպին նպաստել է նաև երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցությունը: Նիկոլ Փաշինյանը ողջունել և կարևորել է լիբանանյան ընկերությունների հետաքրքրվածությունը Հայաստանում ներդրումներ կատարելու և Հայաստանի միջոցով երրորդ շուկաներ մուտք գործելու հարցում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային կառույցներում հայ-լիբանանյան արդյունավետ համագործակցության, տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»: