«Երբ Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն է գործադրվել, Հունան Պողոսյանը ներկա է եղել». Շահեն Հարությունյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումը հասարակությունն ակտիվորեն շարունակում է քննարկել ու քննադատել:

Շատերին չի բավարարել Հունան Պողոսյանի նշանակման վերաբերյալ երեկ Կապանում Նիկոլ Փաշինյանի տված պարզաբանումը:

Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանն ասել էր, թե, ցավոք, Սյունիքում հաճախ արձանագրվում է թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներհոսք դեպի Հայաստան, և այդ թմրամիջոցների մի մասը դուրս է գալիս Հայաստանով՝ վտանգելով մեր երկրի հեղինակությունը, մյուս մասը մնում է Հայաստանում՝ վտանգելով մեր երիտասարդությանը։

«Եվ ինձ համար հատուկ կարևորության խնդիր է՝ ջարդել այդ նարկոթրաֆիկինգի ողնաշարը։ Միամտություն կլինի կարծել, թե դրանով միայն օտարերկրացիներն են զբաղվում, օտարերկրացիները չեն կարող գործել, եթե տեղում չունենան գործակիցներ»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից 2013 թվականին Ազատություն ռ/կ-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, համաձայն որի՝ Շանթ Հարությունյանն իրեն հայտնել է, թե նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը բռնություն է կիրառել իր նկատմամբ, սպառնացել ընտանիքին, չի՞ ցանկանում, որպեսզի ՀՔԾ-ն զբաղվի բռնություն գործադրելու գործով, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Շանթ Հարությունյանն այս մասին ցուցմունք չի տվել: Միաժամանակ նա տեղեկացրել էր, որ հանձնարարել է տարիներ առաջ Հունան Պողոսյանի կողմից Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն կիրառելու հրապարակման վերաբերյալ նոր քննություն անցկացնել:

168.am-ի հետ զրույցում այս առնչությամբ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ասաց. «2013 թվականին Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն գործադրվել է, բայց ոչ Հունան Պողոսյանի կողմից: Նա ներկա է եղել, և չի միջամտել իր ներկայությամբ կատարվող գործողություններին»:

Նրա խոսքով՝ հնարավոր է՝ խնդիրը սխալ հասկացվածության հետ է կապված:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս