Բիզնեսը սպասում է կառավարության իրական աշխատանքին
Վերջին շրջանում արդեն սովորական է դարձել ականատես լինել կառավարության բազմաթիվ նորեկ և անփորձ պատասխանատուների կողմից տարբեր սայթաքումներին ու հայտարարությունների մեջ հակասություններին, սակայն հոկտեմբերի 10-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքը, որ «տնտեսությունը կանգառ է առել, և եթե առաջիկայում տնտեսական աճը ոչ միայն կկանգնի, այլ նաև ռեգրեսի կգնա», այդ կատեգորիային, իհարկե, չի պատկանում:
Այս ամբողջ պատմությունն ավելի զավեշտալի է դառնում, երբ եղածին գումարում ենք ընդամենը 10 օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2 մասից բաղկացած հայտարարությունը, այն է՝ «Պատրաստվում ենք տնտեսական թռիչքի»: Ինչ-ինչ, Դավիթ Անանյանը փորձառու մասնագետ է։ Եվ այստեղ հարց է ծագում. եթե վարչապետ Փաշինյանի կաբինետի ամենակիրթ ու փորձառու պաշտոնյան ասում է, որ խնդիրներ ունենք, չկա տնտեսական քաղաքականություն, տնտեսությունը կանգառի վիճակում է, տնտեսության առաջ ընթացող գնացքը կանգնեցվել է, ապա ինչպե՞ս ենք պատրաստվում տնտեսական թռիչքի:
Այսօր տնտեսությունը կանգ է առել, որովհետև չկա տնտեսական քաղաքականություն և չկա տեսլական, թե դեպի ուր ենք գնում: Տնտեսության զարգացման գնացքը կանգնեցրել է կառավարությունը իր կոպիտ վարչարարությամբ ու ուժային կառույցների գործողություններով: Այդպիսի բիզնես չմնաց, որ վերջին ամիսներին չստուգվի ու ամենանչնչին թերության համար անգամ հրապարակային վենդետայի տեսարան չբեմադրվի:
Չմնաց մի խոշոր գործարար, որ «մասկի շոուների» թատերաբեմում չհայտնվի, չմնաց մի ներդրող, ով նախորդ իշխանության հետ հանցավոր կապի մեջ չմեղադրվի: Իրականում բիզնեսը հաստատ խորհրդարանական ընտրություններին չի սպասում: Բիզնեսը, մեծ հաշվով, թքած ունի, թե ԱԺ-ում որ քաղաքական ուժը քանի տոկոս մանդատներ կունենա, ով կլինի նախարարը կամ այս կամ այն վարչության պետը:
Բիզնեսը սպասում է, թե երբ այս թատրոնը կավարտվի, որպեսզի հանգիստ պայմաններում աշխատի և զարգացնի երկիրը: Բիզնեսը սպասում է կառավարության գործողություններին, իրական աշխատանքին, և ոչ թե՝ աշխատանքի իմիտացիային։ Հայտնի չէ միայն, թե կառավարությունն ու վարչապետն ինչի՞ն են սպասում…
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: