«Եթե երկիրն առաջին 20-ի մեջ չէ, ապա ներդրողի համար կապ չունի՝ 50-րդն է, թե՞ 70-րդը. պետք է ձգտենք լինել լավագույն 20-ի մեջ». Արմեն Ավակ Ավակյան
«2016թ. արտահանման համար ծախսված մեկ դոլարի դիմաց մենք 10 դոլար արտահանման պայմանագիր ենք բերել, 2017թ. 1 դոլարի դիմաց 24 դոլար պայմանագիր ենք բերել, իսկ այս տարի առաջին երեք եռամսյակում 1 դոլարի դիմաց 48 դոլար պայմանագիր ենք բերել։ Այսինքն՝ արդյունավետությունը հստակ բարձրանում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը՝ անդրադառնալով ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությանը և դրանց արդյունավետությանը։
Նա նշեց, որ կան ցուցահանդեսներ, որոնք շատ արդյունավետ են, օրինակ՝ «Պրոդ- էքսպոն». «Կան ցուցահանդեսներ, որտեղ առաջին անգամ ենք մասնակցում, և մինչև ցուցանիշները չկարողանանք գնահատել, դժվար կլինի ասել՝ նորից կմասնակցե՞նք, թե՞ ոչ։ Ոլորտային առումով սննդի ոլորտում ենք հաջողություններ գրանցում, լինելու է նաև տեքստիլ, կոշիկ, ուզում ենք նաև ՏՏ ոլորտը ներգրավել»։
Ինչ վերաբերում է Համաշխարհային տնտեսական ֆորումի «2018թ. մրցունակության համաշխարհային զեկույցի» (ՄՀԶ) հրապարակած տվյալներին, որտեղ Հայաստանը 140 երկրների շարքում 70-րդն է իր մրցունակությամբ, նա ասաց, որ այդ ցուցանիշներ արտահայտող ռեպորտներում եթե երկիրն առաջին 20-ի մեջ չէ, ապա ներդրողի համար կապ չունի՝ 50-րդն է, թե՞ 70-րդը. «Մենք պետք է ձգտենք լինել լավագույն 20-ի մեջ։ Բայց ընդհանուր առմամբ, վատ չէ, մենք 70-րդն ենք և երկու միավորով բարելավել ենք մեր տեղը»։
Մանրամասները՝ տեսանյութում։