Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ՄԻԵԴ դիմել. Հայկ Ալումյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ՄԻԵԴ դիմել: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Գանգատի բովանդակության մասին այս փուլում պաշտպանը մանրամասներ չցանկացավ հայտնել՝ նշելով. «Խնդիրները որոնք մենք պետք է դնենք Եվրոպական դատարանի առաջ՝ տվյալ գործում ներպետական դատարաններն արդյունավետ պաշտպանության միջոցներ տրամադրել չեն կարող: Ինչը նշանակում է, որ հայաստանյան ներպետական ատյանները տվյալ գործի համար արդյունավետ չեն, ուստի՝ այս պարագայում դրանց սպառումը Եվրոպական դատարան դիմելու առումով պարտադիր նախապայման չեն»:
Եվրոպական դատարան դիմելը կապ չունի կալանաքի գործընթացի հետ, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարան բողոքներ են ներկայացված և այն ընդունվել է վարույթ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշման դեմ և անձեռնմխելիության հիմքով ազատ արձակեց, սակայն ինչպես պաշտպանական կողմն այնպես էլ մեղադրող կողմը վերաքննիչ դատարանի այս որոշումը բողոքարկել են Վճռաբեկ դատարան և սեպտեմբերի 19-ին որոշմամբ՝ Վճռաբեկ դատարանն այն վարույթ է ընդունել: