
Հազարավոր մարդիկ են հրաժեշտ տվել Կերչի ողբերգության զոհերին

Ղրիմի բնակիչները հոկտեմբերի 19-ին հրաժեշտ են տվել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած ողբերգության 17 զոհերի, եւս մի քանիսին հողին կհանձնեն հայրենիքում՝ Ղրիմի թերակղզու սահմաններից դուրս: Առանձին կանցկացվի Վլադիսլավ Ռոսլյակովի հուղարկավորությունը, որը պայթյուն եւ հրաձգություն էր իրականացրել ուսումնական հաստատությունում:
«Հրաձիգի ազգականները դեռ չեն դիմել (մարմինն ստանալու համար)»,-«Ինտերֆաքս»-ին ասել է Կերչի վարչակազմի ներկայացուցիչը: Զոհվածների հետ հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Կերչի գլխավոր հրապարակում: Նրանց հրաժեշտ տալու էին եկել քաղաքի հազարավոր բնակիչներ եւ Ղրիմի ղեկավարության ներկայացուցիչներ՝ հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը եւ խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը: Սգո ակցիան հեռարձակել են Ղրիմի հեռուստաալիքները:
«Այս ողբերգությունը մեր կյանքը, մեր քաղաքի կյանքը բաժանեց «մինչեւի» եւ «հետոյի»: Այն, ինչը լինելու է «հետո», կախված է մեզանից: Մենք պետք է միավորվենք, օգնենք հարազատներին՝ վերապրելու այս ահավոր ողբերգությունը: Ղրիմցինե՛ր, մենք պետք է միասին լինենք»,-ասել է քաղաքի վարչակազմի ղեկավար Սերգեյ Բորոզդինը:
Ինչպես արդեն հաղորդվել է, հոկտեմբերի 17-ին 18-ամյա Ռոսլյակովը պայթյուն է իրականացրել եւ հրացանից կրակ բացել պոլիտեխնիկական քոլեջում, ինչից հետո վերջ է տվել իր կյանքին: Զոհվել է 21 մարդ, ներառյալ հրաձիգը: Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի եւ Մոսկվայի հիվանդանոցներում գտնվում են 43 տուժածներ: Սկզբնապես քրեական գործ էր հարուցվել «ահաբեկչություն» հոդվածով, բայց ավելի ուշ այն վերաորակավորել են «սպանություն» հոդվածի: