«Որևէ մեկին զոռով մեր շարքերում չենք պահում, ով ուր գնում է, բարով գնա, ինչքան շուտ գնա, այնքան լավ»․ Էդուարդ Շարմազանով. factor.am
Factor.am-ի հարցազրույցը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ
-Պարոն Շարմազանով, ըստ «Ժամանակ» թերթի՝ երեկ ԳՄ նիստին, այնուամենայնիվ որոշում է կայացվել մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ հույս ունենալով, որ կարող է գոնե լինել չորրորդ ուժը և ներկայացված լինել խորհրդարանում: Մոտավորապես հայտնի է նաև, թե ինչպիսի տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը: Ըստ այդմ՝ ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը:
– ՀՀԿ-ն դեռևս որոշում չի կայացրել, երբ որոշում կայացվի, կներկայացնենք, առավել ևս՝ որևէ ցուցակ չի հաստատվել ու քննարկվել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ, ոչ էլ չորրորդ ու հինգերորդ տեղերի համար։ Եվ ամենակարևորը՝ եթե ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, չի պայքարելու չորրորդ տեղի համար, եթե որոշենք մասնակցել՝ պայքարելու ենք շատ լուրջ մասնակցություն ապահովելու համար։ Մենք օլիմպիական սկզբունքով չենք մասնակցում, ասել ու ասում ենք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր միակ ընդդիմադիր ուժի հավակնորդն է։ Իրակա՛ն ընդդիմության։ Եվ երկրորդ՝ այդ հիմարությունները՝ ով որ համարն է, որ արդեն հաստատվել է, նման բան չկա, ես կտրականապես հերքում եմ։ Եվ, առհասարակ, նման բան չի քննարկվել։
-Ինչպե՞ս եք վերաբերում այն հեգնական կոչերին, թե շատ հետաքրքիր կլինի, որ ՀՀԿ-ն մասնակցի։
– Ես էլ ասել ու ասում եմ, որ Հանրապետական կուսակցությունը պետք է մասնակցի, ՀՀԿ-ն մեր երկրի ամենաառանցքային քաղաքական ուժն է և այսօր միակ ընդդիմության հավակնորդը։ Չկա այլ ուժ, եթե ՀՀԿ-ն չմասնակցի, կունենաք պառլամենտ առանց ընդդիմության, պառլամենտ՝ սուտի ընդդիմությամբ։ «Ծառուկյան» դաշինքը կարող է լինել, «Լույսը», ՀԱԿ-ը և բոլորը կծափահարեն Նիկոլ Փաշինյանին։ Այս 6 ամիսների ընթացքում պարզ դարձավ, որ միակ ընդդիմադիր քաղաքական ուժը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է․ «սև ու սպիտակի» դեմ խոսել, տնտեսական քաղաքականության դեմ խոսել․․․ մենք Նիկոլ Փաշինյանի հետ խնդիր չունենք, մենք գաղափարական ընդդիմություն ենք: Դուք այլ ընդդիմություն, բացի Հանրապետականից, տեսնո՞ւմ եք։ Եվ, բնականաբար, խելքը գլխին յուրաքանչյուր մարդ, ով առաջնորդվում է պետության շահերով, հասկանում է, որ մեզ պետք է ոչ թե դեֆորմացված, այլ հավասարակշռված խորհրդարան։ Ի դեպ, այդ դեֆորմացված խորհրդարանը հետագայում բումերանգով հետ է գալու, խփի օրվա իշխանությունների ճակատին։ Որևէ խելացի մարդ կարո՞ղ է ասել, որ պետությանն ու երկրին անհրաժեշտ չէ իրական բազմակարծություն։ Ո՞վ է այսօրվա այլընտրանքը, ով այսօրվա բազմակարծությունը։ ՀՀԿ-ն, կա՞ այլ ուժ։
-Ո՞նց եք գնահատում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ քաղաքական ռասիզմ չի լինելու։ Չի բացառվում, որ արտահերթի պահանջով որոշ ՀՀԿ-ականներ հնարավոր է՝ ևս հրավիրվեն ցուցակ։
-Որևէ մեկին զոռով մեր շարքերում չենք պահում, ով ուր գնում է, բարով գնա։ Ինչքան շուտ գնան, այնքան լավ։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: