«Հայաստանում պետք է անցկացվի համամասնական ընտրակարգ». Համազասպ Դանիելյան

«Փաստացի, այս փոփոխություններով առաջարկում ենք, որպեսզի Հայաստանում անցկացվի համամասնական ընտրակարգ, մեկ բան, որի մասին խոսում են 1990-ական թվականներից: Նպատակն է՝ հնարավորություն ստեղծել ավելի մրցակցային քաղաքական համակարգի: Կարող են հավասար պայմաններում գաղափարներ ներկայացնել: Ժամանակի ու հանգամանքների բերումով անդրադարձել ենք մի քանի խնդիրների: Նշեմ, որ էապես բարելավվել է կանանց մասնակցության խնդիրը»,- ՀՀ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները և հնարավոր ազդեցությունը ընտրական գործընթացների որակի վրա» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի անդամ Համազասպ Դանիելյանը:

Շարունակելով վերջինին՝  ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդինե Գրիգորյանը ընդգծեց, որ առաջին հերթին  հրատապ փոփոխություններ են արել.

«Կարևորը կանանց մասնակցության երաշխիքների ապահովումն էր, որն արդեն շատ ավելի հստակ է, ապահովելու ենք նաև տեղաշարժման հնարավորության սահմանափակում  ունեցող անձանց մասնակցությունը: Նվազեցվել է նաև կուսակցությունների ընտրական գրավի չափը, դրա վերադարձի շեմը նույնպես»,- նշեց Վարդինե Գրիգորյանը:

Համազասպ Դանիելյանն էլ ընդգծեց, որ իրենք ունեին սահմանափակումներ՝ կապված Սահմանադրության հետ:

«Ընտրական օրենսգրքում շատ դրույթներ կապված են Սահմանադրության հետ, և հաշվի առնելով, որ այն փոխելու հնարավորություն չկար, չենք իրականացրել: Օրինակ՝ կայուն մեծամասնության հետ կապված խնդիրը»,- հավելեց Համազասպ Դանիելյանը:

Անի Կարապետյան

 

Տեսանյութեր

Լրահոս