Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է կուսակցություն ստեղծելու մտադրության մասին

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ռիա Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստվում է կուսակցություն ստեղծել և ընդդիմություն դառնալ:

«Եթե քաղաքականություն ես վերադառնում, հարկավոր է մտածել այդ մասին»,- ասել է Ռ. Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է իր կուսակցությունը ստեղծել:

Պաշտոնաթող նախագահի խոսքով՝ կուսակցության անունը սկզբունքային հարց չէ: «Սկզբունքային են մոտեցումները, որոնք հարկավոր է որդեգրել… Հիմա ես ընդդիմադիր դաշտում լուրջ բաց եմ տեսնում և կարծում եմ, որ այն հարկավոր է լցնել՝ ի շահ պետության»,- հավելել է Ռ. Քոչարյանը:

Նախկին նախագահը նշել է, որ բարձր պաշտոն զբաղեցնելու ձգտում չունի: «Եթե այդպիսի ձգտում ունենայի, 10 տարի շարունակ չէի ապրի իմ անձնական կյանքով: Իրավիճակն այնպես է զարգանում, որ իրադրությունը քեզ ներքաշում է պրոցեսի մեջ, որից չես կարող խուսափել կենսագրությանդ, խառնվածքիդ, դիրքորոշմանդ պատճառով»,- ասել է նա:

Կարդացեք նաև

Խոսելով սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկության բացակայության մասին՝ Քոչարյանը պարզաբանել է, որ պարզապես չի հասցնում:

«Ես անկուսակցական եմ եղել: Դա նշանակում է, որ ես պետք է զրոյից կուսակցություն ստեղծեմ, և ոչ թե՝ վերականգնեմ այն, ինչ երբևէ գոյություն է ունեցել: Ընդ որում, ես ցանկանում եմ ընտրությունների մասնակցել նոր, թարմացված թիմով: Ի՞նչ գործողություններ ես ձեռնարկում սովորաբար, երբ ցանկանում ես թիմ հավաքել: Հայացքդ ուղղում ես մարդկանց, ում ճանաչում ես, նրանց, ում հետ շփվել ես, աշխատել»,.- ասել է Քոչարյանը:

Սակայն ՀՀ երկրորդ նախագահը նաև նշել է, որ հաշվի առնելով առկա իրողությունները՝ հարկավոր է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ, էներգիայով լի մարդկանց:

«Իհարկե, ոմանց հարկավոր է ներգրավել հին թիմից, ում ճանաչում ես, ով աշխատել է քեզ հետ: Բայց ամեն դեպքում հարկավոր է հիմնվել նոր սերնդի վրա, իսկ դա անելը հեշտ չէ: Դրա համար ժամանակ է անհրաժեշտ»,- հավելել է Քոչարյանը:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը 

Տեսանյութեր

Լրահոս