
2018թ. պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը կավելանան 1,6 մլրդ դրամով

ՀՀ կառավարության որոշմամբ 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքում կատարվում են փոփոխություններ, որոնցով եկամուտներն ու ծախսերն ավելացվում են 1 մլրդ 645 հազար դրամով: Ընդունված որոշմամբ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին հանձնարարվում է ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացված համապատասխան արտաբյուջետային հաշվին առկա 1 մլրդ 645 հազար դրամը փոխանցել պետական բյուջե:
Որոշման մեկ այլ կետով նախատեսվում է ի գիտություն ընդունել, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 2.4-րդ հոդվածով հաստատված` Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագրի 3-րդ մասով սահմանված ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար անհրաժեշտ գումարները կտրամադրվեն ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:
Կառավարության 2017թ. օգոստոսի 17-ի որոշման համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաբյուջետային հաշվին է փոխանցվել 2017թ. ընթացքում Սևանա լճից բաց թողնված ջրի` 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրված էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ հասույթի եւ կատարված ծախսերի տարբերությունից առաջացած շահույթը (լրացուցիչ շահույթը)` 1 645 139,6 հազ. դրամ գումարի չափով: Հիմա այդ գումարը փոխանցվում է պետական բյուջե: