Կառավարությունն արտոնություն տվեց «Յունիվերսալ քլոզրս» ՍՊԸ-ին
Կառավարությունը բավարարեց «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ալյումինե կափարիչների արտադրության մեջ, որն օգտագործվում է հիմնականում խմելու ջրի և հանքային ջրի արտադրության մեջ։ «Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Ընկերությունը գործում է 6-7 ամիս, տեղակայված է Կոտայքի մարզում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2,8 մլրդ դրամի ներդրում: Նախատեսվում է, որ կստեղծվի 27 աշխատատեղ՝ միջինը 245 հազար դրամ աշխատավարձով»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Ըստ նրա, ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի մոտ 1,7 մլրդ դրամ, որից 750 մլն դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանում, 480 մլն դրամի արտադրանքը կարտահանվի ՌԴ, իսկ մնացածը՝ Վրաստան: Մաքսատուրքից ազատման գումարը կկազմի մոտ 37 մլն դրամ:
Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար: