Կերչի քոլեջում արտակարգ պատահարի մասին գործը վերաորակավորվել է սպանության հոդվածի
Կերչի պոլիտեխնիկական քոլեջում արտակարգ պատահարի մասին քրեական գործը ՌԴ Քննչական կոմիտեն (ՔԿ) վերաորակավորել է սպանության մասին հոդվածի: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
«Ելնելով հանցագործության պատկերից՝ հետաքննությունը նախնական կարգով ենթադրում է, որ այդ երիտասարդը գնդակահարել է քոլեջում գտնված մարդկանց, իսկ այնուհետեւ ինքնասպանություն է գործել: Այդ կապակցությամբ քրեական գործը, որը հարուցվել է ՌԴ ՔՕ-ի 205-րդ հոդվածով («Ահաբեկչական գործողություն»), վերաորակավորվել է ՌԴ ՔՕ-ի 105-րդ հոդվածի 2-րդ մասի («Երկու եւ ավելի անձանց սպանություն՝ ընդհանուր վտանգավոր եղանակով»)»,-հայտնել է նա:
Պետրենկոյի խոսքով՝ երիտասարդի անձը, որը հրաձգություն է սարքել, օպերատիվ կերպով պարզվել է տեսագրությամբ: «Պարզվել է, որ նա քոլեջի չորրորդ կուրսի ուսանող 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է: Նրա մարմինը՝ հրազենային վերքերով, հայտնաբերվել է քոլեջի հարկաբաժիններից մեկում»,-հայտնել է Պետրենկոն: Քննիչները պարզել են, որ ուսանողը քոլեջ Է եկել պատահարից անմիջապես առաջ եւ ձեռքին հրացան է ունեցել: Քննիչները եւ քրեագետները արդեն ձեռնամուխ են եղել պատահարի վայրի զննմանը: «Մարմինների նախնական զննումը խոսում Է այն մասին, որ մարդիկ մահացել են հրազենային վերքերից»,-պարզաբանել է ՀԿ-ի ներկայացուցիչը:
Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով՝ զոհվել է 17 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: