Բաժիններ՝

Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի թեկնածուին կընտրի մեկ-երկու շաբաթվա ընթացքում. Associated Press

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի թեկնածուին պլանավորում է ընտրել մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Associated Press գործակալությանը տված հարցազրույցում, որն ամբողջությամբ հրապարակել է հոկտեմբերի 16-ին:

«ԵՍ շատ մարդիկ ունեմ, որոնք ցանկանում են ստանալ այդ պաշտոնը,- ասել է Թրամփը:- Ես այնքան լավ հարաբերություններ ունեմ Նիկիի հետ: Մենք նրա հետ էլ ենք դա քննարկել»: «Ես կասեի, որ դրա վերաբերյալ որոշում կընդունեմ հաջորդ մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում»,- հավելել է նա:

Politico թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրներ, հոկտեմբերի 16-ին հայտնել է, որ Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար դիտարկում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի թեկնածությունը:

«Նաուերթը ավելի մոտ է դարձել Փոմպեոյին, որի հետ հոկտեմբերի 16-ին ուղեւորվել էր Սաուդյան Արաբիա: Սպիտակ տան աշխատակիցները նրան ընդունակ են համարում հանդես գալ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության պաշտպանությամբ: Նա նաեւ Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնի գլխավոր թենածուն է, որը կփոխարինի Սառա Սանդերսին, երբ նա հեռանա, թեեւ այդ աշխատանքը պակաս գրավիչ է վերջին երկու ամսվա ընթացքում բրիֆինգների թվաքանակի կրճատման կապակցությամբ»,- գրել է թերթը:

Նաուերթն ինքը հրատարակությանը չի մեկնաբանել այդ պաշտոնում իր հնարավոր նշանակման վերաբերյալ տեղեկատվությունը, Սպիտակ տանը նույնպես հրաժարվել են մեկնաբանություններից: Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ ներկայում ինքը հինգ թեկնածություն է դիտարկում: Նախագահը չէր հրապարակել նրանց անունները, բայց ասել էր, որ նրանց թվում է իր նախկին խորհրդական Դինա Փաուելը: Նիկի Հեյլին, որը ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնում է 2017 թվականի հունվարից, հոկտեմբերի 9-ին հայտարարել է իր պաշտոնաթողության մասին:

Նա պաշտոնը կթողնի եկող տարվա հունվարին: Հեյլին այդ պաշտոնում հաստատվել էր այն բանից ընդամենը չորս օր անց, երբ Թրամփը 2017 թվականի հունվարի 20-ին ստանձնեց նախագահի պաշտոնը: Հեյլին ինքը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ պաշտոնաթող է լինում ոչ անձնական պատճառներով: Իր հետագա պլանների վերաբերյալ նա չի հայտնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս