Հունան Պողոսյանի դեմ բողոքի ակցիան կազմակերպել էին Փաշինյանի կուսակիցները

168.am-ը երեկ արդեն տեղեկացրել էր, որ մի շարք սյունեցիներ փակել էին Երևան-Սյունիք ճանապարհը, պահանջելով, որպեսզի կառավարությունը չեղարկի  ՀՀ ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում։

Չնայած այս բողոքներին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հաջողվել էր մտնել Սյունիք և մարզպետարանում ներկայացնել Հունան Պողոսյանին։

Նշենք, որ Փաշինյանի գլխավորած թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Հունան Պողոսյանը զբաղեցրած ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը լքել էր այս տարվա մայիսի 12-ին։

Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանը, ով բոլորովին վերջերս էր նշանակվել այդ պաշտոնում, հրաժարական ներկայացրեց այն բանից հետո, երբ հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոններից ազատեց բոլոր ՀՅԴ և ԲՀԿ-ական նախարարներին, այդ թվում՝ մարզպետներին, իսկ Կ. Համբարձումյանը ԲՀԿ-ական էր։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ճանապարհը փակած սյունեցիներին, նկատեց, որ Հունան Պողոսյանի դեմ բողոքի ելած սյունեցիները եղել են իր իսկ ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, այդպես էլ չմանրամասնելով, թե ինչո՞ւ են հենց իր թիմակիցները բողոքի ակցիա կազմակերպել իր իսկ կողմից ներկայացված թեկնածուի դեմ և փակել ճանապարհը։

Ինչ վերաբերում է Հ. Պողոսյանի նշանակմանը, Փաշինյանն ասաց, որ Հայաստանը մտնում է նոր փուլ, որտեղ կա բարիկադներ կառուցելու և դրանք ապամոնտաժելու ժամանակ։

«Մենք այժմ մտել ենք բարիկադներն ապամոնտաժելու ժամանակաշրջան։ Այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ, այստեղ քաղաքական ուղերձի խնդիրն է և այդ ուղերձն այն է, որ մենք «մերոնքականների» և «ձերոնքականների» չենք բաժանվելու։ ՀՀ-ում անթերի մարդիկ չկան, չեմ հիշում որևէ նշանակում, որը բացասական արձագանք չստանա, ասում են՝ երիտասարդ է, ծեր է, մյուսը բոյով է, այսինք՝ անթերի մարդիկ չկան, և անթերի նշանակումներ չեն լինելու։ Մենք պետք է շատ հստակ ուղերձներ հղենք, որ մենք պատրաստվում ենք համախմբել ողջ ներուժը։ Այժմ խոսվում է, որ այս պաշտոնյան սա է արել, այն մյուսը՝ մեկ այլ բան։ Ով ինչ արել է, յուրաքանչյուրն իր արածի համար պատասխան կտա, անկախ այն հանգամանքից՝ նա պաշտոնյա՞ է, թե՞ ոչ։ Անցել են այն ժամանակները, երբ պաշտոնյա լինելը նշանակում էր՝ արտոնություն՝ օրենքի առաջ ունեցած հավասարության իմաստով, նման բան չկա»,- նշեց Ն. Փաշինյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ ՀՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում նշանակելուն,  Փաշինյանն ընդգծեց, որ նրա նշանակման դեպքում էլ են եղել բացասական արձագանքներ։

Ճանապարհների փակման առումով էլ նշեց, որ այսօր Հայաստանում հաճախ են ճանապարհներ փակում։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս