«Մեր ձեռքը մեկնած է և մեր ձեռքն օդում է… նոր Հայաստանում պետք է երկրորդ շանս ունենան բոլորը». Արարատ Միրզոյան
«Ցուցակը կամ ցուցակի սևագրությունը չեմ հրապարակելու, բայց ցուցակը պետք է լինի հեղափոխության քաղաքական թիմը, գաղտնիք չէ՝ ՔՊ կուսակցության կորիզը: Բնականաբար, վարչությունը դեռ որոշում չունի այս մասով, իմ կարծիքն է, որ կլինեն առաջնային շարքերում գործադիրում ընդգրկված անձինք, և ԱԺ ղեկավարությունը, կլինեն մարդիկ, որ ՔՊ չեն, որովհետև ցուցակը, բացի հեղափոխական լինելուց, պետք է լինի ներառական, և ընդգրկի զանազան ոլորտներում հայտնի գործիչների, մասնագետների, նաև հաշվի առնենք հանձնաժողովներում աշխատանքն ու պատվիրակությունների հարցը: Այս ամբողջը հաշվի առնելով՝ պետք է կազմվի ցուցակը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց ցուցակի մասին:
Հարցին՝ ապամոնտաժված բարիկադների մյուս կողմից մարդիկ կլինե՞ն ցուցակում, Ա.Միրզոյանը պատասխանեց. «Իհարկե»:
Ըստ նրա՝ դաշինքը ենթադրում է, որ լինելու է նույն «Իմ քայլը» դաշինքը՝ «Առաքելություն» և ՔՊ կուսակցությունները, գուցե լինեն գործիչներ, որոնք ժամանակին եղել են բարիկադների մյուս կողմերում, կամ այս կողմերում այլ ուժերի աջակիցներ: Նա նշեց, որ կոնսուլտացիաներ կան, բայց ոչ համակարգված: Ա.Միրզոյանը նկատեց, որ «Ելք» դաշինքի գործընկերները, կարծես, ուզում են մասնակցել «Լույս» դաշինքով:
Նախկին իշխանությունից նոր իշխանություն ճամբարափոխության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ա.Միրզոյանն ասաց, թե իրենք չեն դադարում խոսել նոր Հայաստանից, և այն մասին, որ գործում են նոր խաղի կանոններ. «Մեր ձեռքը մեկնած է և մեր ձեռքն օդում է, այդ թվում՝ ուղղված է, պայմանական ասած՝ հին Հայաստանի խաղի կանոնների սովոր մարդկանց, որոնք մաս են կազմել այդ խաղի կանոններին, գուցե ինչ-ինչ փոխզիջումների են գնացել, լավագույն, իդեալական, արդարության սկբունքներին, իհարկե, էստեղ ողջախոհ սահման պետք է լինի, այսինքն՝ չի կարող մարդը, որ ինչ-որ ոչ քրեական բանի վրա աչք է փակել, նույնպիսի դատավճռի արժանանա, ինչպես մարդը, ով քրեական անցյալ ունի:
Այսինքն՝ ինչ ասում եմ, սա, այնուամենայնիվ, վերապահորեն պետք է ընկալել, բայց նոր Հայաստանում պետք է երկրորդ շանս ունենան բոլորը, այդ թվում՝ գործիչներ, որոնք մաս են կազմել տարբեր հին համակարգերի ու հին քաղաքական ուժերի: Մենք չենք կարող այդպես մերժողական հասարակություն կառուցել՝ խոսելով այն մասին, որ ուզում ենք՝ նոր Հայաստանն ավելի լավը լինի: Այսինքն՝ մենք չենք վերացնում իրենց Հայաստանը և սարքում մեր Հայաստանը:
Մենք սարքում ենք մեր բոլորի Հայաստանը, որի մեջ իրենք էլ են մտնում: Եվ պետք չի սա ընկալել ճամբարափոխություն եզրույթով կամ այդ կոնտեքստով, որովհետև մարդիկ կան, որ այս կամ այն կերպ մի քիչ հարմարվել էին հին պայմաններում, բայց հիմա ուզում են մասնակցել պետականաշինությանը, թող թույլ տրվի ինձ այդ բառն օգտագործել: Ինչո՞ւ ոչ»:
Նա «սխալ մտայնություն» որակեց այն, որ ՔՊ-ն բավարար կադրեր չունի, դրա համար հին կադրերին է տեղ տալիս. «Փորձառուն իդենտիֆիկացվում է լավ մասնագետ լինելու հետ, և մյուս կողմից՝ հակառակը՝ փորձ չունեցողն անպայման վատն է: Ես չէի անի նման համարձակ պնդում: Մենք ունենք շատ փորձառուներ, որոնք գիտեն համակարգի ամեն դետալը, ամեն ատամնանիվը և, օգտվելով այդ գիտելիքից ու փորձից՝ քերթել են, թալանել են ամբողջ համակարգը: Եվ կան անփորձ երիտասարդներ, որոնք ունեն քաղաքական արժեքներ և դրանից ելնելով՝ կայացնում են քաղաքական որոշումներ քաղաքական պաշտոններում, իսկ փորձը շատ կարճ ժամանակում կարող է գալ: Սա ինդիվիդուալ հարց է: Նախկին պաշտոնյաներին մեր թիմում ընդգրկելը պայմանավորված չէ կադրային քաղցով»:
Դիտարկմանը, որ շատերը Հունան Պողոսյանին «սև» են ընկալում, Ա.Միրզոյանը հակադարձեց, որ «սև ու սպիտակը ճիշտ չի ընկալվել»: Նա պարզաբանեց, որ իրենք ձեռք են մեկնում, ոչ բոլորն են այն սեղմում, բայց այնուամենայնիվ կան գործիչներ, որոնք համառորեն դիմադրում են այս փոփոխություններին և ուզում են վերադառնալ նախահեղափոխական Հայաստան, այդ թվում՝ և այդ գործող անձինք. «Երբ խոսում ենք պայմանական սևերի մասին, պետք է ընկալել այս մարդկանց, ոչ թե նրանց, որոնք մինչև հեղափոխությունը պաշտոն են զբաղեցրել համակարգում: Սևեր պետք է ընկալել նրանց, որոնք չեն ուզում, որ Հայաստանը գնա այն ճանապարհով, ինչով հեղափոխությունից հետո է գնում, ընտրությունները կեղծվեն, պաշտոնները բաժանվեն փողով, ծանոթ-խնամի-բարեկամով, լինեն թաքնված բյուջեներ, լինեն արտոնյալ տնտեսվարողներ: Էս մարդիկ, իհարկե, սև են»: